Skip to content
Որոնում
Վերջին որոնումները

Փնտրեք երգ կամ կատարող

Փնտրվում է...
Լեզու
Մուտք
♫
0:000:00
Երգի բառեր

Այս կտորի երգի բառերը հասանելի չեն։

Բառերը համաժամացված են ավտոմատ
♫
0:00

Հայկական ռադիոյի արխիվի մասին

Հանրային ռադիոյի արխիվը ամենամեծ հայկական աուդիո արխիվն է. այստեղ պահպանվում է մոտ 100 000 ձայնագրություն՝ երգեր, ելույթներ, հաղորդումներ, համերգներ և այլն։

Մեր պատմությունը

Հայաստանի ռադիոյի պատմությունն սկսվում է 1926 թվականի սեպտեմբերի 1-ից։ Այդ օրը հեռարձակվեց առաջին փորձնական եթերն ու առաջին անգամ հնչեց «Երևա՛նն է խոսում» արտահայտությունը։ Առաջին անգամ ուղիղ եթերում հանդես եկավ «Արևելյան երգչախումբը» (հետագայում՝ Ա. Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլ)։

1927 թվականի ապրիլ–հունիս ամիսներին ստեղծվեց ռադիոցանցը, և հաղորդումները սկսեցին հեռարձակվել ավելի ստույգ ժամերի։ Այդ տարիներին ռադիոն աշխատում էր «Ինտուրիստ» (այժմ՝ «Գրանդ Հոթել Երևան») հյուրանոցի 4-րդ հարկում։

1957 թվականին Երևանում՝ Մռավյան-5 հասցեում, շահագործման հանձնվեց Հանրապետական ռադիոյի նոր շենքը։ Ռադիոտան 3-րդ հարկում առանձնացվեց երեք սենյակ, և հատուկ դարակներում տեղադրվեցին առաջին շուրջ 60 ձայնագրությունները։ Այսպես սկսվեց ձայնադարանի պատմությունը։

1965 թվականին հիմնադրվեց ֆոնդային ձայնագրությունների խմբագրությունը (այդ տարիներին ձայնագրությունները կատարվում էին 78 արագությամբ)։ Տարիների ընթացքում փոխվում էին ձայնագրման սարքերը, ավելանում էր հաղորդումների քանակը. ձայնադարանին շենքի նկուղային հարկում հատկացվեց նոր տարածք՝ երկարատև պահպանման անհրաժեշտ պայմաններով (խոնավություն, ջերմաստիճան, անվտանգություն)։

Ստեղծվեց գեղարվեստական խորհուրդ. բոլոր հաղորդումներն ու ձայնագրությունները վերանայվեցին և դասակարգվեցին ըստ ժանրերի։ Յուրաքանչյուր ձայնագրություն ստացավ իր բնութագիրը՝ հեղինակ, կատարող, հնչյունային ռեժիսոր, օպերատոր և ձայնագրման տարեթիվ։

Հավաքածուն այսօր

100,000+

Ընդհանուր ձայնագրություններ

97,000

Ոսկե ֆոնդի ձայնագրություններ

28,000

Հայ կոմպոզիտորների գործեր

Այսօր պահպանվում է ավելի քան 150 000 ժամ տևողությամբ շուրջ 20 000 հեղինակային երաժշտական կատարում, գրական-գեղարվեստական հաղորդում, ասմունք և ռադիոբեմադրություն։ Ֆոնդում կան ոչ միայն հայերեն ու ռուսերեն, այլև քրդերեն, եզդիերեն, ադրբեջաներեն և արաբերեն ձայնագրություններ՝ երգ-երաժշտություն, մշակութային և մանկական հաղորդումներ, ռադիոբեմադրություններ, հայ մեծերի ելույթներ, հարցազրույցներ և այլն։

2017 թվականից սկսվեց ձայնադարանի թվայնացման նոր գործընթացը՝ ժամանակակից տեխնոլոգիաներով՝ ֆոնդի վերամշակման, ձայնի որակի բարձրացման, երկարատև պահպանման և հանրայնացման համար։ Այս գործում մեծ ավանդ ունի նաև «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը։

Ոսկե ֆոնդը

«Ոսկե ֆոնդում» պահպանվում է մոտ 97 000 ձայնագրություն, որից 28 000-ը՝ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Յուրաքանչյուր ձայնագրության կցվում են ձայնագրման տարեթիվը, երաժշտության և խոսքերի հեղինակը, կենսագրությունը և ֆոտոալբոմը։ Ձայնագրությունները ներկայացված են ըստ ժանրերի՝ դասական, ժողովրդական, էստրադային, ռադիոբեմադրություն, հատուկ ելույթ, հարցազրույց, մեծերի խոսք և այլն։ Կայքը ներկայացվում է եռալեզու։

Արխիվացման աշխատանքները շարունակական են. տարվա ընթացքում ձայնադարանը համալրվում է նոր ձայնագրություններով ու անուններով։

Այստեղ հնչում են արդեն դասական դարձած երգեր, ելույթներ, համերգներ, ինչպես նաև եզակի և շատերի համար մինչ այժմ անհայտ ձայնագրություններ։ Պատմություն կրող, անցյալի ու այսօրվա մասին պատմող այս ձայներն ու երգերը ավելի արժեքավոր են դառնում կայքի յուրաքանչյուր այցելուի ու ունկնդրի հետ միասին։

Այսօր հնարավորություն կա ոչ միայն վայելելու ոսկե ֆոնդի գոհարները, այլև ստեղծելու նորերը։ Վերջերս վերաբացված Հանրային ռադիոյի ձայնագրման ստուդիայում՝ «Ռադիո ստուդիոյում», որտեղ տասնամյակներ շարունակ ձայնագրվել է արխիվի ձայնագրությունների մեծ մասը, արդեն ձայնագրվում են ստեղծագործություններ, որոնք կվկայեն վաղվա պահպանված անցյալի մասին։

Հարգելի՛ օգտատերեր, սիրով սպասում ենք Ձեր դիտողություններին և առաջարկություններին։

Թվայնացման գործընկերն ու տեխնոլոգիական աջակիցը

Հանրային ռադիոյի 100-ամյակի առթիվ իրականացվող նախաձեռնության շրջանակում «Դիջիթըլ Փոմըգրանեթ» (Digital Pomegranate) ընկերությունը ստանձնել է ռադիոյի հարուստ ձայնադարանի թվայնացման և հանրայնացման տեխնոլոգիական աջակցության կարևոր դեր։ Ընկերության կողմից ստեղծվել են Հանրային ռադիոյի արխիվի վեբկայքն ու բջջային հավելվածները, որոնք նոր հնարավորություններ են ընձեռում հայկական ձայնային ժառանգությունը պահպանելու, ուսումնասիրելու և նոր սերունդներին հասանելի դարձնելու համար։

Այս նախաձեռնությունը «Դիջիթըլ Փոմըգրանեթի» սոցիալական պատասխանատվության արտահայտությունն է՝ նվեր Հանրային ռադիոյին և նրա հարյուրամյա պատմությանը։ Այն ընկերության ներդրումն է հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում՝ ժամանակակից տեխնոլոգիաները ծառայեցնելով ազգային հիշողությանն ու արժեքների փոխանցմանը։

Հարյուրամյա պատմություն կրող ձայներն ու կատարումներն այսուհետ հասանելի են նոր ձևաչափերով՝ միավորելով անցյալի անգնահատելի ժառանգությունն ու ապագայի տեխնոլոգիական հնարավորությունները։

Համբարձում և Մերի Ինգիլիզյաններ

«Դիջիթըլ Փոմըգրանեթը» նախաձեռնել է այս հարթակի ստեղծումը՝ ի պատիվ Համբարձում և Մերի Ինգիլիզյանների, ում սերը Հայաստանի և նրա հարուստ երաժշտական ժառանգության հանդեպ շարունակում է ոգեշնչել։