Ծնվել է Զաքաթալա քաղաքում: Դեռ մանկուց նկատվել է երաժշտության հանդեպ սերը: Ութ տարեկանիզ, առանց երաժշտական նոտաների իմացության, սովորել է ջութակ նվագել և կատարել է Բիզեի «Կարմեն» օպերայի նախերգանքը և Մոցարտի «Թուրքական մարշ»-ը: Գերազանց ավարտելով դպրոցը զորակոչվել է բանակ: Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: 1944 թ-ին վիրավորվել է ուսից և 1945 թ. մարտին տեղափոխվել պահեստային հրաձգային գունդ, ապա հայտնվել է Կիևի ինքնագնաց հրետանիի Կոտլասյան ուսումնարանում, որտեղ ծառայել է որպես երաժիշտ: 23 տարեկանում ընդունվել է Երևանի կոնսերվատորիայի Գրիգոր Եղիազարյանի կոմպոզիցիայի դասարան: 1954 թ. որպես դիպլոմային աշխատանք ներկայացրել է սիմֆոնիա: 1956 թ. սեպտեմբերից մինչև 1990 թթ. դասավանդել է Երևանի երաժշտական գիշերօթիկ դպրոցում: Մոտ 100 բանաստեղծությունների հեղինակ է, նաև երգեր է գրել հայտնի բանաստեղծների խոսքերով: Ա.Օհանյանը բազմաթիվ պարգևներ է ստացել երաժշտական արվեստում ունեցած ավանդի և բարեխիղճ մանկավարժական աշխատանքի համար, ինչպես նաև արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչմանը: