Ծնվել է Մոսկվայում։ 1954 թ-ին՝ ծնողներն ուղարկել են Մ. Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական ուսումնարանին կից № 31 երաժշտական դպրոց։ Հինգ տարեկանում առաջին անգամ բեմ է բարձրացել և մասնակցել Միությունների տան սյունազարդ դահլիճում անցկացվող հավաքական մեծ համերգին։ 1956 թ-ին Ալլա Բորիսովնան ընդունվում է Մոսկվայի № 496 միջնակարգ դպրոցի առաջին դասարան։ 1964 թ-ին Ալլա Պուգաչովան ավարտում է երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանը և միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը և ընդունվում Մ. Մ. Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական ուսումնարանի դիրիժորաերգչախմբային բաժանմունք։ Ուսումնարանի 2-րդ կուրսում՝ 1965 թ-ին, Պուգաչովան մեկնում է առաջին համերգային շրջագայության: 1968 թ-ին ավարտում է երաժշտական ուսումնարանը: Պուգաչովան եղել է Մոսհամերգի մենակատար, 1976 թ-ին՝ Հայաստանի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի մենակատար (Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ): 1977 թ-ից՝ ելույթ է ունեցել որպես անհատ երգչուհի: Նկարահանվել է ֆիլմերում: 1978 թ-ին լույս է տեսել նրա առաջին «Հոգու հայելին» ալբոմը: 1981 թ-ին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտունի էստրադային արվեստ բաժինը: Ալլա Պուգաչովան մասնակցել է մի շարք մրցույթների, արժանացել մի շարք շքանշանների, պարգևների: Նրա երաժշտական կարիերան հաջողությամբ է պսակվել ԽՍՀՄ-ում, Եվրոպայում, Ասիայում ու Հյուսիսային Ամերիկայում (մասնավորապես ԱՄՆ)։ 1980 թ-ին Ալլա Պուգաչովան արժանացել է ՌՍՖՍՀ վաստակավոր, 1991 թ-ին՝ ԽՍՀՄ ժողովրդական, 1955 թ-ին՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1995 թ-ին՝ ՌԴ պետական մրցանակի դափնեկիր։