Ծնվել է Վենետիկում: Վիվալդին եղել է իր ժամանակների ամենահայտնի և ամենասիրված ջութակի վիրտուոզներից, բարոկկո ժամանակաշրջանի ամենամեծ կոմպոզիտորներից մեկը, ինչպես և սոլո կոնցերտի՝ կոնչերտո գրոսսոյից ածանցված ժանրի ստեղծողը: Նա ինչպես Իտալիայում, այնպես էլ ամբողջ Եվրոպայում զգալի ազդեցություն է թողել: 1706 թ-ին կայացել է Վիվալդիի առաջին հրապարակային ելույթը ֆրանսիական դեսպանության պալատում։ Այդ տարիներին Վիվալդին գրել է իր ստեղծագործությունների մեծ մասը, այդ թվում՝ օպերաներ և կոնցերտներ, հրատարակվել է նրա ստեղծագործությունների առաջին ժողովածուն։ Վիվալդին իր նամակներից մեկում նշում է, որ գրել է 94 օպերա, սակայն ներկայումս հայտնի են դրանցից միայն 46-ի անունները։ Նա հեղինակ է 4 օրատորիայի, որոնցից մեզ է հասել միայն մեկը: Գրել է նաև 500-ից ավել գործիքային կոնցերտներ, 100 սոնատ բասսո կոնտինուոյի ուղեկցությամբ տարբեր գործիքների համար, բազմաթիվ աշխարհիկ կանտատներ, սերենադներ, սիմֆոնիաներ, Ստաբատ մատեր և այլ եկեղեցական ստեղծագործություններ։ 1720-ական թվականները Վիվալդիի համաեվրոպական ճանաչման ժամանակաշրջանն էր։ Մահացել է Վիեննայում։