Ծնվել է Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղում: 1932թ. Արտեմ Մեջինյանը ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և ընդունվել Իջևանի գյուղատնտեսական տեխնիկում, որն ավարտել է 1935թ.: Իջևանում ուսանելու տարիներին, որպես քյամանի նվագող, ելույթներ է ունեցել տեղի ռադիոհանգույցում: 1934թ. Թբիլիսիում մասնակցել է Անդրկովկասյան ժողովրդական գործիքների օլիմպիադային: 1935թ. տեղափոխվել է Երևան և ընդունվել երաժշտական ուսումնարանի ջութակի բաժին: Նույն թվականին որպես քյամանչահար և շվի նվագող ընդունվել է ֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների նվագախումբ: 1941թ. ավարտել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: 1939թ. մասնակցել է Երևանում տեղի ունեցած ժողովրդական գործիքների մրցույթին: Նույն թվականին նվագախմբի հետ մասնակցել է Մոսկվայում կայացած հայկական արվեստի և գրականության տասնամյակին` արժանանալով մեդալի: 1946թ. ընդունվել է Հայաստանի ռադիոյի ժողովրդական գործիքների համույթ որպես կոնցերտմեյստեր և մենակատար: Աշխատանքին զուգահեռ դասավանդել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: Արտեմ Մեջինյանը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: Գրել է նաև երգեր հայ գրողների խոսքերով: 1961թ. նա արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1986թ.՝ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: