Ավելին Պակաս
Ծնվել է Երևանում։ 1982 թ․-ին Բարսեղ Թումանյանը ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի երգեցողության բաժինը (պրոֆեսոր Արշավիր Կարապետյանի դասարան)։ 1982-1983 թթ․-ին երգել է Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում։ 1985 թ․-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան (պրոֆեսոր Եվգենի Նեստերենկոյի դասարան)։ 1980 թ․-ից եղել է Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգիչ, այնուհետև՝ Ռուսաստանի զինված ուժերի Ալեքսանդրովի անվան անսամբլի մենակատար։ 1988 թ․-ի Սպիտակի երկրաշարժից հետո 1989 թ․-ին մասնակցել է Լոնդոնի Քովենտ Գարդենում կազմակերպված և «Ինտերվիժըն» ծրագրով ողջ Եվրոպայում հեռարձակված համերգին և կատարել Աթիլլայի արիան Վերդիի համանուն օպերայից։ 1990 թ․-ին ելույթ է ունեցել Լոնդոնի «Վիգմոր» դահլիճում, որը նրան մեծ հռչակ է բերել։ 1990-ականների սկզբերին ելույթներ է ունեցել եվրոպական քաղաքներում, Ավստրալիայում, որտեղ արժանացել է Հատուկ մրցանակի՝ «Ֆաուստ» օպերային ներկայացման մեջ Մեֆիստոֆելի դերի համար։ 2002-2005 թթ․-ին մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ի, Ավստրիայի, Կանադայի, Գերմանիայի, Չինաստանի, Ճապոնիայի բազմաթիվ քաղաքներում։ Մասնակցել է նաև Սանկտ Պետերբուրգում անցկացվող հայ մշակույթի օրերին։ Ընտրվել է Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի փոխնախագահ։ 2000 թ․-ից հանդիսանում է Բարձր արվեստի համաժողովի հայկական մասնաճյուղի նախագահը։ 2010 թ․-ին Երևանում ելույթ է ունեցել օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի հետ։ 2014 թ․-ից Բարսեղ Թումանյանը Աստանայի օպերային թատրոնի առաջատար մեներգիչ է։ Հանդես է եկել Քովենթ Գարդենում, Կոլոն թատրոնում, Լոս Անջելեսի, Վաշինգտոնի օպերային թատրոններում, Մետրոպոլիտեն օպերայում, Վիկտորիայի օպերային թատրոնում, Սիդնեյի օպերային թատրոնում, Մյունխենի պետական օպերային թատրոնում, Կոնսերտգեբաուում (Ամստերդամ), Վիեննայի պետական օպերայում, Բաստիլի օպերայում, Մարսելի օպերայում, Փարիզի բերսի համալիրում, Լիոնի ազգային օպերայում և այլ հռչակավոր օպերային և ֆիլհարմոնիկ բեմահարթակներում։ Վարպետության դասեր է անցկացնում աշխարհի տարբեր համալսարաններում և կոնսերվատորիաներում՝ Մարսել, Տորոնտո, Մոնրեալ, Վայմար, Կիցբյուել, Բեռլին, Շիյան, Թեհրան։ Աստանայի ազգային համալսարան պրոֆեսոր է։ 2018 թ․-ին ամերիկյան Գլենդել քաղաքում մասնակցել է «Բարսեղ Թումանյան և ընկերներ» գալա համերգին։ Ղազախստանի արվեստների ազգային համալսարանի պրոֆեսոր է։ Թումանյանը համագործակցել է հայտնի դիրիժորներ Ա. Պապպանոյի, Բ. Հայթինկի, Ի. Մարինի, Յու. Սիմոնովի, Մ. Վուն Չունգի, Յ. Ռուդելի, Վ. Աշկենազի, Ռ. Դիվալի, Գ. Ռոժդեստվենսկու, Ա. Լոմբարդի, Է. Թոփչյանի, Կ. Օրբելյանի, Մ. Էրմլերի, Մ. Վիոտտիի, Ջ. Ֆիորեի, Կ. Ռիցցիի և այլոց հետ։ 1982 թ․-ին արժանացել է Հոլանդիայի Հերտոգենբոլս քաղաքի պատվավոր մրցանակ, 1983 թ․-ին՝ Միլան քաղաքի պատվավոր քաղաքացի, 1986 թ․-ին՝ Չայկովսկու անվան մոսկովյան միջազգային մրցույթի 2-րդ մրցանակ, 1986 թ․-ին՝ Պարմայի «Վերդիյան ձայներ» 2-րդ մրցանակ, 1987 թ․-ին՝ Ռիո դե Ժանեյրոյում կայացած միջազգային երաժշտական մրցույթի «Գրան պրին», 2005 թ․-ին՝ ԱՄՆ Գլենդել քաղաքի պատվավոր քաղաքացի։ 1987 թվականին Բ. Թումանյանին շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչում, 2006 թ․-ից՝ ՀՀ ժողովրդական արտիստ, 2008 թ․-ից՝ Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր, 2008 թ․՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2013 թ․՝ ՀՀ վարչապետի պատվավոր մեդալ, 2013 թ․՝ ՀՀ Ազգային ժողովի պատվավոր ոսկե մեդալ, 2013 թ․՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի մասնաճյուղի (Լոս Անջելես, ԱՄՆ) պատվավոր ոսկե մեդալ, 2024 թ․՝ Երևանի պատվավոր քաղաքացի։