Ծնվել է Երևանում: 1973թ. Դավիթ Մուրադյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Կինոյի պատմություն և սցենարական վարպետություն է դասավանդում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 1993թ-ից կինոգիտական, սցենարական կուրսերի ղեկավար է (2007թ-ից՝ պրոֆեսոր): 1976թ-ին հրատարակվել է նրա առաջին գիրքը: Հետագայում հեղինակել է նաև այլ գրքեր, բազմաթիվ հոդվածներ, ինչպես նաև մի քանի կարճամետրաժ խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարներ: 1971-73թթ. աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյի գրական հաղորդումների խմբագրությունում, 1973-74թթ.` «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում, 1976-91թթ. և 1997-2001թթ.` «Հայֆիլմ» կինոստուդիայում (փոխտնօրեն): Գրողի պիեսները բեմադրվել են Երևանի և Գյումրիի պետական թատրոններում, Հալեպում, հեռուստատեսությամբ և ռադիոյով: Երկար տարիներ Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ վարել է մի շարք հաղորդումներ: 2003թ. նրա «Մեր հին դաշնամուրը» թատերախաղը արժանացել է ՀԳՄ Լ.Շանթի անվան մրցանակին` որպես «Տարվա լավագույն պիես»: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, տաջիկերեն, վրացերեն, ռումիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունգարերեն և անգլերեն: Թարգմանել է պիեսներ: 1984թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է, որտեղ 1994-96թթ. և 2001-08թթ.՝ քարտուղար: Եղել է տարբեր կինոփառատոնների մրցատյանների անդամ, մասնակցել միջազգային գիտաժողովների: 2008-10թթ. եղել է ՀՀ մշակույթի նախարարության փոխնախարարը, 2011-16թթ.՝ Հայկական կինոակադեմիայի նախագահ, 2014-18թթ.՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր: 2006թ. արժանացել է ՀԺՄ «Ոսկե գրիչ», 2010թ.՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի (դրամատուրգիա), 2011թ.՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2017թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի: