Ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում: Հակոբ Կառապենցը (Հակոբ Կարապետյան) ավարտել է Թեհրանի Սեն Լուի ֆրանսիական քոլեջը և Հայկազյան-Թամարյան հայկական դպրոցը: 1944թ. եղել է Թեհրանի Հայ Պատանեկան մշակութային միության հիմնադիրներից, որը 1950թ. վերանվանվել է «Հայ Մշակույթային Արարատ Միություն»: 1947-49թթ. Հակոբ Կառապենցը սովորել է ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի, 1950-52թթ.` Նյու Յորքի Կոլումբիայի համալսարաններում: Մասնագիտացել է լրագրության մեջ` երկրորդ մասնագիտություն ընտրելով հոգեբանությունը: 1951-53թթ. Քալիֆորնիայում բնակվելուց հետո, տեղափոխվել է Նյու-Յորք, որտեղ մեկ տարի դասավանդել է Քորնել համալսարանի լեզվաբանական բաժնում: 1954-79թթ. աշխատել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հայկական բաժնում: Հեղինակել է պատմվածքներ, նորավեպերի ժողովածուներ: Մահացել է ԱՄՆ Բոստոն քաղաքում: