Ծնվել է Կոնստանդնուպոլսում։ Նախահայրերը եղել են իրավաբաններ և բժիշկներ։ Հայրը եղել է եկեղեցական։ 1915 թ-ին գաղթել են Հունաստան։ Դեռ մանկուց նկատվել է Հ․ Վերանյանի սերը արվեստի նկատմամբ, ուներ բացառիկ ձայնային տվյալներ։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում մեկնում է Իտալիա և ընդունվում Միլանի կոնսերվատորիա (խմբավարական բաժին) և երգում La Scala օպերայում: Ավարտելուց հետո վերադառնում է Աթենք և սկսում համերգային գործունեությունը։ Ստեղծում է քառաձայն երգչախումբ և միաժամանակ հանդես գալիս անհատական համերգներով։ 1946 թ-ին տեղափոխվում է Հայաստան։ Նրան հրավիրում են Երևանի օպերային թատրոն որպես մեներգիչ (Գոհար Գասպարյանի հետ)։ Այստեղ նա մեծ հաջողություններ է ձեռք բերում։ Թաթուլ Ալթունյանի հրավերով Հովհաննես Վերանյանը որպես խմբավար հանդես է գալիս Հայաստանի պետական երգչախմբում։ Առաջին անգամ Հայաստանում ներկայացնում է Ռախմանինովի «Ալեկո» օպերան և Բեթհովենի «9-րդ սիմֆոնիա»-ն։ Սակայն 1949թ-ին նրան մեղադրելով, որ 1918թ-ին Հունաստանում դաշնակցական թերթի խմբագիր է աշխատել, երբ դեռ ծնված չի էլ եղել, և նման մեղադրանքի համար Հ․ Վերանյանին ընտանիքով աքսորում են Սիբիր՝ Ալթայան երկրամաս։ Սակայն մեկ տարի անց դիմելով Բարնաուլ քաղաքի ֆիլհարմոնիայի տնօրենին, անցել է երաժշտական գործունեությանը։ Այստեղ մեծ հաջողությունների է հասնում ղեկավարելով ֆիլհարմոնիայի երգչախումբը։ Երկու տարի հետո նա վերադառնում է Հայաստան և ընդունվում Երևանի Բելինսկու անվան ռուսական դպրոց, որպես երգեցողության ուսուցիչ։ Այստեղ նա ստեղծում է մանկական երգչախումբ, որը արժանանում է համամիութենական ճանաչման։ 1960-ականներին Հովհաննես Վերանյանին կրկին հրավիրում են Թաթուլ Ալթունյանի երգի-պարի անսամբլ, որպես խմբավար, որտեղ աշխատում է 10 տարի։ Նա Սայաթ-Նովա երաժշտական դպրոցի երգչախումբը հասցրեց բարձրագույն մակարդակի, որտեղ մասնակցում էր մինչև 150 երգիչ։ 1972թ-ին Հովհաննես Վերանյանը արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում։