Ծնվել է ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ գյուղում: Մեծացել է որբանոցում: Դուդուկ սկսել է նվագել ինքնուս՝ վեց տարեկան հասակից: 1947թ. ազգային սիրողական համույթի հետ մեկնել է Մոսկվա, որտեղ համերգից հետո Իոսիֆ Ստալինից ստացել է "Պոբեդա" ժամացույց: 1949-81թթ. եղել է Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլի մենակատար: 1985թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Եղել է մի շարք փառատոնների մրցանակակիր և դափնեկիր, իսկ 1980թ. արժանացել է Յունեսկոյի ոսկե մեդալի` միջազգային փառատոնում մասնակցելու համար: 1982 թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1990թ-ից՝ պրոֆեսոր): 1986 թ-ից եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի մենակատար: 1988 թ-ից սկսել է միջազգային երաժշտական գործունեությունը: Նրա մի շարք կատարումներ օգտագործվել են արտասահմանյան բազմաթիվ կինոնկարներում: Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություններ, նվագել է շուրջ 20 հազար համերգներում: 1978թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի, 2000թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչման, 2001թ.՝ ՀՀ "Մեսրոպ Մաշտոց", 2013թ.՝ ՀՀ Ազգային Ժողովի Պատվո մեդալի: 2015թ. Երևանի կենտրոնում կանգնեցվել է արձանախումբ՝ նվիրված Վաչե Հովսեփյանին, Լևոն Մադոյանին և Ջիվան Գասպարյանին: 2017թ. արժանացել է ՀՀ "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" 1-ին աստիճանի մեդալի: