Ծնվել է Երևանում: Ավարտել է երաժշտական ուսումնարանը: Այնուհետև ուսումը շարունակել է Երևանի պետական կոնսերվատորիայում: Հետևելով մեծն Կոմիտասի պատգամներին, ավելի քան կես դար Կ. Միրզոյանը զբաղվել է ազգային նվագարանների ուսումնասիրությամբ, դրանց ծագումնաբանության և պատկանելության խնդիրներով, վերականգնման և կատարելագործման աշխատանքով, որոնց մարմնավորումն է «Տկզար» հնագույն փողային նվագարանների համույթը։ 1965թ. Կ. Միրզոյանը հիմնել է «Էրեբունի» ժողովրդական նվագախումբը, 1976 թ.՝ Հայկական ժողովրդական նվագարանների պետական ֆիլհարմոնիկ մեծ նվագախումբը, 1982թ.՝ հնագույն շնչական նվագարանների «Տկզար» նվագախումբը, 2016 թ.՝ Լոս Անջելեսի «Հայաստան» ժողովրդական հայապատկան միացյալ նվագախումբը։ Նա իր երաժշտագիտական պրպտումները չդադարեցրեց նաև ԱՄՆ-ում 2001- 2011թթ. ծավալած գործունեության ընթացքում՝ համադրելով իր ձեռքի տակ ունեցած նյութը նոր աղբյուրների, համապատասխան գիտական եզրահանգումների ամփոփմամբ։ Կառլեն Միրզոյանը «Անդրադարձ» գրքի հեղինակ է: