Ծնվել է Մեծ Հայաստանի Եկեղյաց գավառի Երզնկա քաղաքում (Թուրքիա): Հայ միջնադարյան տաղերգության մեջ բնության և սիրո առաջին երգիչն է: Կոստանդին Երզնկացու մասին շատ քիչ տեղեկություններ կան։ Նա ապրել ու ստեղծագործել է 13-րդ դարի երկրորդ կեսից մինչև 14-րդ դարի առաջին տասնամյակները: Ենթադրվում է, որ ուսումնական առաջին տարիները նա անցկացրել է Երզնկայի մոտ գտնվող Տիրաշենի վանքի հանրահայտ դպրոցներից մեկում։ Եկեղեցական ոչ մի աստիճան չի ունեցել: Գրել սկսել է դպրոցում սովորելիս՝ 15 տարեկանից: Գրել է միջին հայերենով, այն ժամանակ ամենքին հասանելի լեզվով։ Կոստանդին Երզնկացին հայ միջնադարյան սիրային քնարերգության հիմնադիրն է։ Իր սկզբնական տաղերում սերը գովերգում էր այլաբանությամբ՝ սոխակի ու վարդի սիրավեպի ձևով։