Ծնվել է Երևանում: 1950թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, 1955թ.` Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը, 1962թ.` ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան: Ուսմանը զուգընթաց 1949-59թթ. աշխատել է «Պիոներ կանչ», «Գրական թերթ», «Երևան» թերթերի խմբագրություններում: 1958թ.-ից՝ ԽՍՀՄ գրողների միության անդամ, 1962-67թթ.՝ ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական քարտուղարը, 1967-75թթ.` «Հայաստան» հրատարակչության գեղարվեստական գրականության խմբագրության վարիչը: 1991-96թթ. հասարակական կարգով եղել է «Վասպուրական» հայրենակցական միության նախագահը: Նույն կարգով 1996թ. հիմնադրել է Ցեղասպանությունից վերապրածների միությունը: Լևոն Միրիջանյանի բազմաթիվ ստեղծագործություններ թարգմանվել և առանձին գրքերով հրատարակվել են ռուսերեն, ուկրաիներեն, արաբերեն, անգլերեն, ադրբեջաներեն: Հեղինակել է նաև պատմաբանասիրական աշխատություններ: Եղել է «Հայաստան-Ուկրաինա» ընկերության նախագահը և ակտիվ գործունեություն է ծավալել հայ-ուկրաինական գրական կապերի զարգացման ուղղությամբ: 2002թ. Ուկրաինայի նախագահի հրամանագրով պարգևատրվել է կառավարական բարձր պարգևով` «Վաստակների համար» շքանշանով: Մահացել է Երևանում: