Ծնվել է Երևանում: Մարինոսյանը ավարտել է Երևանի Մ.Գորկու անվան դպրոցը: 1942-44թթ. կամավոր մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Նա արժանացել է «Կարմի աստղ» և «Հայրենական պատերազմի» շքանշանների: 1944թ., ծանր վիրավորվելուց հետո, զորացրվել է: Նույն թվականին Մարատ Մարինոսյանը ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժին: 1945թ., կիսատ թողնելով ուսումը, նա ընդունվել է Երևանի նորաբաց գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժին: Ինստիտուտն ավարտելուց հետո, 1950թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես ռեժիսոր: 1956թ. հրավիրվել է աշխատելու Հայաստանի ազգային հեռուստատեսություն` դառնալով հիմնադիրներից մեկը: Եղել է Հայաստանի ազգային հեռուստատեսության առաջին գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորը, 1966-71թթ.` տնօրենը: 1972-80թթ.՝ Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի, 1983-88թթ.` Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորը: Զուգահեռ, 1963թ-ից, դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1978թ-ից` պրոֆեսոր): Ստեղծագործական կյանքի ընթացքում բեմադրել է ավելի քան 120 ներկայացում: 1969թ. Մարատ Մարինոսյանը արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: