Ծնվել է Այնթափում (Կիլիկիա): Սովորել է Այնթափի Կրթասիրաց վարժարանում: 1941-46 թթ.՝ Դամասկոսի ռադիոյի մենակատար (երգիչ, կիթառահար, խմբավար): 1946 թ-ին հայրենադարձել է: 1949 թ-ին ավարտել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1955 թ-ին՝ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան: 1958-83 թթ. Մեսրոպյանը դասավանդել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտում (նաև՝ «Ծաղկեփունջ» վոկալ անսամբլի հիմնադիր-խմբավար): 1978-83 թթ. միաժամանակ՝ Ե. Սահառունու անվան երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: Մեսրոպ Մեսրոպյանը մի շարք փառատոների դափնեկիր է: Մահացել է Երևանում: