Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Սուրբ Փրկչի անվան վիճակագրական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել տղայոց գիմնազիայում, հետո Ամերկոմի դպրոցներից մեկում։ 1930-34 թթ. ուսանել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի սցենարական բաժնում։ 1921-25 թթ. զբաղվել է կուսակցական աշխատանքով: 1925 թ-ին տեղափոխվել է Երևան և մի քանի տարի աշխատել «Գրական դիրքերում» և «Երիտասարդ բոլշևիկ» ամսագրերի խմբագրություններում որպես պատասխանատու քարտուղար, ապա Հայկինոյի գեղարվեստական խորհրդի քարտուղար։ Նրա առաջին բանաստեղծությունը՝ «Անդրկովկաս», տպագրվել է 1923 թվականին, «Բանվոր» թերթում: 1934 թ.՝ ԽՍՀՄ գրողների միության անդամ: 1937 թ-ին Մկրտիչ Արմենը՝ որպես ժողովրդի թշնամի, ձերբակալվել է և աքսորավայրում անցկացնում ութ տարի: 1945 թ-ին արդարացվել է և անցել ստեղծագործական աշխատանքի: 1971 թ-ին «Հայֆիլմ» կինոստուդիան էկրանավորել է Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուր»-ը: Նա հեղինակ է մի շարք վեպերի, վիպակների, երկերի, պատմվածքների, պիեսների, բանաստեղծությունների, մի շարք գրականագիտական աշխատությունների և հոդվածների: 1956 թ-ին Մկրտիչ Արմենը «Աշխատանքային Կարմիր դրոշի» շքանշանի, 1967 թ-ին արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանով: Մկրտիչ Արմենի ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքով լույս են տեսել ռուսերեն, ադրբեջաներեն, լիտվերեն, թուրքերեն, պարսկերեն, չեխերեն, հունարեն, իսպաներեն և այլ լեզուներով: Նա հայերեն է թարգմանել ռուս և այլազգի շատ գրողների: Մահացել է Երևանում։