Ծնվել է գ. Շոռոթում (Նախիջևանի շրջան): Նաղաշ Հովնաթանը հիմնականում գործել է Թիֆլիսում և Երևանում: Նա համարվում է ուշ միջնադարյան աշխարհիկ քնարերգության վառ ներկայացուցիչներից մեկը: Ն. Հովնաթանը թողել է գրական հարուստ ժառանգություն, որը շատ մոտ է աշուղական ստեղծագործությանը: Հեղինակ է 100-ից ավել երգիծական, խրատական և խնջույքի երգերի: Ն. Հովնաթանը հրավիրվել է Թիֆլիս որպես պալատական նկարիչ և բանաստեղծ: Ի սկզբանե իր ստեղծագործություններում նա համատեղել է արվեստի երկու բնագավառ՝ պոեզիան և գեղանկարչությունը: Ապարանքներ ու եկեղեցիներ է ձևավորել Հայաստանում, Վրաստանում, Պարսկաստանում, ճանաչվել որպես հմուտ նկարիչ և վաստակել «Նաղաշ» (նկարիչ) պատվավոր անունը։ Ն. Հովնաթանը նկարազարդել է Էջմիածնի տաճարը։ Մահացել է Շոռոտ գյուղում: