Ծնվել է Կեսարիայի գավառի Էվքերե գյուղում: Հաճախել է Կեսարիայի նախակրթարանը, իսկ 1829թ-ից՝ Սկյուտարի Սբ. Կարապետ եկեղեցու վարժարանը։ 1844թ. ընդունվել է Սորբոնի համալսարանի բժշկագիտության ֆակուլտետ։ Ուսումնառության տարիներն անցել են 1848թ. ֆրանսիական հեղափոխության նախապատրաստման ու իրագործման շիկացած մթնոլորտում։ 1851թ. բժշկագիտության դոկտոր դարձած վերադարձել է Կ.Պոլիս։ Նրա նախաձեռնությամբ ստեղծված գրական ակումբում, իսկ այնուհետև «Ուսումնական խորհրդում» (1853թ., եղել է նախագահը) ի թիվս մամուլն ընդարձակելու, նոր դպրոցներ բացելու և երկսեռ դաստիարակություն իրագործելու, ուսումնական նոր ծրագրեր ու դասագրքեր հրատարակելու և այլ հարցերի՝ ամենակարևորն ու առաջնահերթն է համարել աշխարհաբարի մշակումը։ «Ուղղախոսութիւն արդի հայոց լեզուին» (1853թ.) աշխատությամբ պաշտպանել է աշխարհաբարը և փորձել մշակել նրա քերականությունը։ Կայսերական բժշկական ուսումնարանում նա դասավանդել է փիլիսոփայություն և բժշկական դեոնտոլոգիա, որի ընթացքում մշակած իր ուսմունքը շարադրել է «Դասագիրք փիլիսաիայության հետևողությամբ լավագույն հեղինակաց ընտրողական դպրոցի» խորագրով աշխատությունում (ֆրանսերեն՝ 1876թ., հայերեն՝ 1879թ.)։ Ռուսինյանի գրչին են պատկանում մի շարք հրապարակախոսական և թարգմանչական աշխատություններ: Մահացել է Կոստանդնուպոլսում: