Ծնվել է Թիֆլիսում: Ավարտել է Թիֆլիսի Խարփուխ թաղի ծխական դպրոցը: 16 տարեկանում, դերասանուհի Սիրանույշի երաշխավորությամբ, ընդունվել է դրամատիկական ընկերության թատերախումբ: Առաջին դերը եղել է Նատոն` Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» պիեսում (1900թ.)` արժանանալով հեղինակի խրախուսանքին: Պրոֆեսիոնալ գործունեությունն սկսել է 1901թ., Թիֆլիսի հայկական թատրոնում: Հյուրախաղերով հանդես եկել Բաքվում, Կ.Պոլսում, Նոր Նախիջևանում, Մոսկվայում, Պետերբուրգում, Երևանում, Ալեքսանդրապոլում, Շուշիում, Գանձակում: Եղել է դերասանական հին սերնդի այն ներկայացուցիչներից, ով ձեռնամուխ է եղել հայ սովետական թատրոնի հիմնադրմանը: 1921-26թթ․ խաղացել է Թիֆլիսի հայկական դրամատիկական թատրոնում: 1926թ. տեղափոխվել է Երևանի Առաջին Պետթատրոն (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն), որտեղ ստեղծագործել է մինչև կյանքի վերջը: Հայ, ռուս, արևմտաեվրոպական դասական ու ժամանակակից պիեսներում խաղացել է ավելի քան 300 դեր: Նկարահանվել է նաև ֆիլմերում: 1945թ. հրատարակել է «Հուշեր» գիրքը: Եղել է Խորհրդային Հայաստանի 4-րդ գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր: 1935թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1967թ.` Հայաստանի, 1952թ.` ԽՍՀՄ Պետական մրցանակների: Մահացել է Երևանում: