Ծնվել է Հայաստանի Ղափան (այժմ՝ Կապան) քաղաքում: 1753-56 թթ. եղել է Էջմիածնի միաբան։ Որպես նվիրակ աշխատել է Կ.Պոլսում, Ադրիանուպոլսում, Արմաշում, Ռումելիում, Ղրիմում և ի վերջո հաստատվել Կ.Պոլսում։ 1772թ. աշխատել է Ադրիանապոլսում՝ որպես վերատեսուչ: 1780թ. ծեր հասակում նշանակվել է Նիկոմեդիայի թեմի առաջնորդ: Փաստեր կան, որ համագործակցել է Սիմեոն Ա Երևանցի ու Ղուկաս Կարնեցի կաթողիկոսների հետ: Նրա երգերի ժողովածուն՝ «Գրքոյկ կոչեցեալ երգարան» (1772թ.), ամփոփում է նրա անունով հայտնի և անհայտ շուրջ 110 երգ-բանաստեղծություն։ Եղել է առաջին բանաստեղծը, որ վարդի ու սոխակի այլաբանությամբ արտահայտել է հայ ժողովրդի քաղաքական ազատության գաղափարը։ Մահացել է Նիկոմեդիայում (այժմ՝ Իզմիթ, Թուրքիա):