Ծնվել է Թիֆլիսում: Երաժշտական կրթությունը ստացել է Թեհրանի կոնսերվատորիայի ջութակի դասարանում, ապա` Փարիզի Նորմալ երաժշտական դպրոցում` Ա.Հոննեգերի կոմպոզիցիայի դասարանում և կոնսերվատորիայի դիրիժորության բաժնում: 1946-51թթ. դասավանդել է Թեհրանի կոնսերվատորիայում: 1948-51թթ. եղել է սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր և կոնսերվատորիայի տնօրենը: 1952թ-ից բնակվել է Բոստոն քաղաքում (ԱՄՆ): Հիմնել է Կոմիտասի անվան կվարտետ, 1955թ-ից ղեկավարել տեղի «Կոմիտասյան երգչախմբային ընկերությունը», 1952թ-ից կազմակերպել և ղեկավարել է հայ սիմֆոնիկ երաժշտության համերգներ` ընդգրկելով հայ կոմպոզիտորների տարբեր ժանրերի երկեր: Ռուբեն Գրիգորյանը հեղինակել է մի շարք սիմֆոնիկ պոեմներ, սյուիտներ, լարային կվարտետներ, սիմֆոնիա, օպերետ: Կատարել է հայկական ժողովրդական երգերի և միջնադարյան տաղերի մշակումներ, հավաքել և հրապարակել է իրանական ժողովրդական երգեր: 1970թ. և 1972թ. համերգներով հանես է եկել Երևանում: Մահացել է Բոստոնում (ԱՄՆ):