Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Վաղ հասակից Ռուբեն Զարյանը (Ռուբեն Ղազանչյան) տեղափոխվել է Թիֆլիս: 1929թ. ավարտել է Թիֆլիսի Ա.Մյասնիկյանի անվան մանկավարժական ուսումնարանն ու մինչև 1932թ. աշխատել Ախալքալակի միջնակարգ դպրոցում` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1933թ. նշանակվել է Թիֆլիսի «Գրոհ» հանդեսի պատասխանատու քարտուղար: 1934թ-ից` Հայաստանի գրողների միության անդամ: 1936թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1937-39թթ.` դասավանդել է Երևանի մանկավարժական ուսումնարանում: 1938թ. աշխատանքի է անցել ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի գրականության և լեզվի ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող: 1940-43թթ. եղել է ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի գրականության և լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ, 1938-47թթ.` Հայպետհրատի գեղարվեստական գրականության խմբագրության վարիչը, 1941-43թթ.` «Սովետական գրականություն» ամսագրի պատասխանատու խմբագիրը: 1950թ-ից աշխատանքի է անցել ՀՀ ԳԱ Արվեստների պատմության և տեսության բաժնում` որպես ավագ գիտաշխատող, իսկ 1953-58թթ.՝ բաժնի վարիչ: 1958-1987թթ.՝ ՀՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի տնօրենն ու թատերական բաժնի վարիչ: 1981թ. ընտրվել է Հռոմի «Թիբերինա» ակադեմիայի թղթակից անդամ: 1962թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն (1963թ-ից՝ պրոֆեսոր): ՀՀ ԳԱ Արվեստի ինստիտուտին առընթեր 1966թ. հիմնադրել է Շեքսպիրագիտության հայկական կենտրոնը: Հրատարակել է թատերական գործիչների մասին աշխատություններ, որոնք թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն: Հեղինակել է նաև Խ.Աբովյանին, Նար-Դոսին, Վրթանես Փափազյանին, Հովհաննես Հովհաննիսյանին նվիրված ուսումնասիրություններ։ 1974թ.՝ ՀՀ ԳԱ թղթակից անդամ, 1986թ.` ՀՀ ԳԱ ակադեմիկոս: 1949-90թթ.՝ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, 1948-58թթ. ղեկավարել է Երևանի թատերական ինստիտուտի արվեստի պատմության և տեսության ամբիոնը: 1974-81թթ. ղեկավարել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր գրականության, արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության ասպարեզում պետական մրցանակներ շնորհող հանձնաժողովը, 1984-90թթ.` Խ.Աբովյանի տուն-թանգարանի գիտական խորհրդի աշխատանքները: 1953թ. Ռուբեն Զարյանը արժանացել է «Պատվո նշան», 1979թ.՝ «Ժողովուրդների բարեկամության» շքանշանների, 1961թ.՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 1981թ.` Հայաստանի Պետական մրցանակի: Մահացել է Երևանում: