Ծնվել է Երևանում: 1957թ. Սասուն Պասկևիչյանը ավարտել է Երևանի Ղ.Աղայանի անվան թիվ 63 միջնակարգ դպրոցը: 1957-62թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետում: Ավարտելուց հետո գործուղվել է Կույբիշևի մարզի Սիզրան քաղաք և աշխատել որպես ասֆալտբետոնի գործարանի տնօրեն: 1963թ. վերադարձել է Երևան և աշխատել Կոմունալ մինիստրությունում հետազոտական խմբի պետ, ապա «Հայկոմուննախագիծ» ինստիտուտում՝ բաժնի պետ: 1975-77թթ. աշխատել է Երևանի Մետաղահատ հաստոցների փորձարարական գիտահետազոտական հիմնարկում, 1977-80թթ.` Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում` որպես էստրադային սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն: 1958թ-ից սկսել է ստեղծագործել: Ունի չձայնագրված շուրջ 60 երգ: 1980թ. տեղափոխվել է Լոս Անջելես: Մինչև 1988թ. զբաղվել է լրագրությամբ: Միաժամանակ 1985-87թթ. աշխատել է տեղի կահույքի արտադրության ֆաբրիկաներից մեկում: 1988թ. Լոս Անջելեսում հիմնադրել է «Հայաստան» հեռուստատեսությունը և մշակութային կենտրոնը: Համագործակցել է Հայկական միացյալ ֆոնդի և Հայաստան Համահայկական հիմնադրամի հետ: Հեռուստատեսության և մշակութային կենտրոնը գործել է մինչ 2004թ.: 1996թ. որպես լավագույն կոմպոզիտոր արժանացել է մրցանակների, բազմաթիվ պատվոգրերի: 2004թ. տեղափոխվել է Երևան: 2010թ. «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնի կողմից պարգևատրվել է «Համո Սահյան» ոսկե հուշամեդալով: 2014թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: