Ծնվել է Կրասնոյարսկի մարզում՝ աշուղ Դվալի Մկրտչի ընտանիքում: 1968 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ։ Համալսարանն ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակում։ Զինվորական ծառայությունից վերադառնալով զբաղվել է մասնագիտական գործունեությամբ։ 1985թ. Մոսկվայում հաջողությամբ պաշտպանել է թեզը՝ ստանալով քիմիական գիտությունների թեկնածուի կոչում։ Նույն թվականից աշխատել է քիմռեակտիվների համամիութենական ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող։ Համալսարանական տարիներին երգել է Հովհաննես Չեքիջյանի ուսանողական երգչախմբում։ 1982-83թթ. մասնակցել է «Մարաթուկ», այնուհետև՝ «Գանձասար» համույթների ստեղծմանը՝ հանդես գալով որպես մենակատար, իսկ 1987 թ․ դարձել է «Գանձասար» ավանդական երգի-պարի համույթի ղեկավարը։ 1989թ. Հայաստանի ժողգործիքների պետական անսամբլի ղեկավար Հենրի Մանգասարյանի հրավերով որպես մենակատար: 1970-ականներից սկսած հավաքագրել է բազմաթիվ ազգային երգեր, որոնք խորհրդային ժամանակաշրջանում արգելված են եղել և հնչեցրել դրանք տարբեր առիթներով։ 1988թ. նրա կատարմամբ ազգային, հայրենասիրական և ֆիդայական երգերը իբրև ռազմակոչ հնչել են Ազատության հրապարակից, Մատենադարանից, Վարդան Մամիկոնյանի արձանի պատվանդանից, ինչպես նաև հեռարձակվել հեռուստատեսությամբ։ Արցախյան ազատամարտի օրերին ընկերների հետ քիմիական գործարանում ձեռնարկել են զինամթերքի պատրաստում, որը հաճախ Սահակն ինքն էր հասցնում Արցախ: Եղել է Ստեփանակերտի, Շուշիի, Մարտունիի տարբեր ճակատներում և խրամատներում։ Անմոռանալի է հատկապես 1992թ. Ստեփանակերտի հրապարակում նրա մենահամերգը։ 40 տարուց ավելի նրա շուրթերից հնչել է ազգային երգը Հայաստանում և սփյուռքում։ Համերգներով հանդես է եկել աշխարհի մոտ 30 երկրներում։ Երգել է տարբեր ժանրերում։ Թողարկել է ձայնասկավառակներ: 1990-ականներից հանդես է եկել բազմաթիվ հարցազրույցներով և հոդվածներով։ 2008 թ․ հիմնադրել է «Լուսակն» ամսագիրը և որպես խմբագիր մի քանի տարի հրատարակել այն։ 2014թ. լույս տեսավ Ս․ Սահակյանի «Հայոց ազատամարտը երգերում» ինքնատիպ երգարանը։ Այն ներառում է ազգային ու հեղափոխական 100 երգ և նվիրված է հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին։ 2020 թ․ մայիսի 20-ին հայ երգարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է երախտագիտության մեդալով։ Մահացել է Երևանում։