Ծնվել է Թիֆլիսում: Սովորել է տեղի կոնսերվատորիայում: 1932թ. ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան, Ա. Գաուկի դիրիժորական դասարանը: 1928թ. սկզբին հրավիրվել է Հայաստան` ստանձնելու Երևանի կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորի պաշտոնը: 1927-29թթ.՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: 1932թ-ից նույն նվագախմբի հետ աշխատել է արդեն Երևանի օպերային թատրոնում, երբ կոնսեվատորիայի նվագախումբն իր ողջ կազմով ներգրավվել է օպերային թատրոնի աշխատանքում: 1927-29թթ., 1932-34թթ., 1945-48թթ., 1954-79թթ. դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1971թ-ից՝ պրոֆեսոր): 1932-34թթ. և 1944-79թթ. եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր, 1957-64թթ.` գլխավոր դիրիժորը: 1934-36թթ. եղել է Թբիլիսիի Զ.Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր, 1936-44թթ.՝ Տաշքենդի Սվերդլովի անվան օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժոր, ղեկավարել է ուզբեկական ազգային օպերաների կատարումը: 1944թ. արժանացել է Ուզբեկստանի արվեստի վաստակավոր գործչի, 1956թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: