Ծնվել է Իրանի Արաք քաղաքում: Երվանդ Մանարյանը սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա` Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: 1952թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Աշխատել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոններում՝ որպես դերասան և ռեժիսոր: 1957-59թթ. ղեկավարել է Գորիսի դրամատիկական թատրոնը: 1970-80թթ. եղել է Երևանի Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, ապա` «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը: Հետագայում աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում: Բեմադրել է մի շարք պիեսներ: Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր: Հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ: Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում: 2003թ. Երվանդ Մանարյանը արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2005թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի, 2018թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2019թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչման: Մահացել է Երևանում: