Ծնվել է Երևանում։ Սկզբնական երաժշտական կրթությունը ստացել է Ալ․ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև ավարտելով Պ․ Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը 1954 թ-ին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետը։ Կոնսերվատորիան ավարտել է գերազանցությամբ, այնուհետև անցել է աշխատանքի Պ․ Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց որպես դաշնամուրի դասատու։ 1962 թ-ին ավարտել է ասպիրանտուրան և անցել աշխատանքի կոնսերվատորիայում պրոֆեսոր Գեորգի Սարաջևի դասարանում որպես ասիստենտ։ 1964 թ-ից աշխատում է նույն ամբիոնում որպես դասախոս։ Ուսման տարիներին և հետագայում ունեցել է բազմաթիվ համերգային ելույթներ Հայաստանի Հանրապետությունում, Խորհրդային Միության տարբեր քաղաքներում և արտասահմանում։ 1985 թ-ին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման։ 1992 թ-ից՝ պրոֆեսոր։ 1992 թ-ին ԱՄՆ-ում թողարկել է ձայնասկավառակ՝ Հայ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունների կատարմամբ։ Մասնակցել է միջազգային, համամիութենական, հանրապետական դաշնամուրային մրցույթների ժյուրիների կազմում։ Ունի 10 միջազգային մրցույթների, բազմաթիվ հանրապետական դաշնամուրային մրցույթների դափնեկիրներ։ Մանկավարժական գործունեության հետ զուգահեռ առ այսօր հանդես է եկել որպես մենակատար դաշնակահար, անսամբլիստ, նվագակցող։ Արվեստի ականավոր գործիչների կազմում հաճախ մասնակցել է Խորհրդային Միության տարբեր քաղաքներում և արտասահմանում՝ Շվեդիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Լիբանանում, Հունգարիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում կազմակերպված Հայաստանի Մշակույթի օրերին նվիրված համերգներին։ Ներկայումս աշխատում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մասնագիտական դաշնամուրի ամբիոնում որպես պրոֆեսոր-դասախոս, Ալ․ Սպենդիարյանի և Պ․ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցներում որպես դաշնամուրի դասատու, ինչպես նաև համատեղում է աշխատանքն Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի կողմից կազմակերպվող վարպետության դասընթացների անցկացմանը Երևանում և հատկապես Հայաստանի Հանրապետության մարզերում ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։