Ծնվել է Մոսկվայում: Երաժշտական կրթությունը Դավիթ Թուխմանովը ստացել է վաղ մանկությունից, հետագայում ընդունվել է Գնեսինների անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը: 1958-63 թթ. Դավիթ Թուխմանովը սովորել է Գնեսինների անվան մանկավարժական պետական ինստիտուտի կոմպոզիտորական բաժնում, որից հետո զորակոչվել է բանակ և ծառայել Ալեքսանդր Ալեքսանդրովի անվան երգի և պարի անսամբլում` ղեկավարելով նվագախումբը: Երգարվեստի ժանրում Դավիթ Թուխմանովն սկսել է աշխատել 1960-ական թվականներից: Առաջին ձայնապնակը թողարկվել է 1965 թ-ին: 1976-85 թթ. ստեղծված երգերը Թուխմանովի վարպետության գագաթնակետն էին համարվում: 1991 թ-ին նա մեկնել է Գերմանիա և բնակություն հաստատել այնտեղ: 1995 թ-ից աշխատել է մանկական երաժշտական նախագծերի վրա: 1997 թ-ին Թուխմանովը վերադարձել է Ռուսաստան: 1977 թ-ին Դավիթ Թուխմանովն արժանացել է Լենինյան կոմերիտմիության մրցանակի, 2003 թ-ին՝ Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակի: 2000 թ-ին Թուխմանովին շնորհվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչում, 2010 թ-ին պարգևատրվել է «Հայրենիքի հանդեպ ծառայությունների համար» շքանշանով: 2005 թ-ից Դավիթ Թուխմանովը բնակվում է Իսրայելում, մերթընդմերթ բնակվելով նաև Գերմանիայում և Ռուսաստանում: