Ծնվել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին): 1906թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Թիֆլիսում մասնակցել է հայկական գրական ընկերության, ապա՝ «Վերնատան» աշխատանքներին, 1907թ. եղել է Մոսկվայի առևտրի ինստիտուտի ազատ ունկնդիր։ Սերտ կապեր է ունեցել Լազարյան ճեմարանի հեղափոխական ուսանողության հետ (Ա.Մյասնիկյան, Վ.Տերյան, Հ.Կուսիկյան և ուրիշներ), մասնակցել է ցույցերի, տարածել թռուցիկներ, 1909թ. ձերբակալվել է, նետվել Մոսկվայի Տագանկայի քաղաքական բանտարկյալների բանտը։ Տիրապետել է ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն, պարսկերեն, վրացերեն լեզուներին։ Աշխատակցել է պարբերական մամուլին («Գեղարվեստ» և այլն), հանդես է եկել գրականագիտական հոդվածներով, ակնարկներով, թարգմանություններով, ստորագրել՝ Մենորդ, Միրաժ, Անցորդ, Գ.Ք.։ 1918թ-ից եղել է դաշնակցական կուսակցության անդամ, ընտրվել խորհրդարանի անդամ։ Մահացել է Երևանում, թաղված է Էջմիածնում: