Ծնվել է Բոլնիս-Խաչեն (այժմ՝ Վրաստանում) հայաբնակ գյուղում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1853թ. ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոց, մեկ տարի հետո ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։ Աշխատել է որպես գրաշար Թիֆլիսում (1861-62թթ.), Մոսկվայում և Պետերբուրգում (1862-67թթ.)։ 1867թ. վերադարձել է Անդրկովկաս, եղել է Էջմիածնի տպարանի կառավարիչ ։ Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի), Երևանի, Շուշիի դպրոցներում (1870-82թթ.), եղել Վրաստանի և Իմերեթիայի հայկական դպրոցների թեմական տեսուչ։ 1895թ. ձերբակալվել է հնչակյան կուսակցությանը պատկանելու մեղադրանքով, աքսորվել Նոր Նախիջևան (այժմ՝ Դոնի Ռոստով), ապա՝ Ղրիմ (1898-1900թթ.)։ Այնուհետև մինչև կյանքի վերջը եղել է ցարական ժանդարմերիայի հսկողության տակ։ 1900-ականներին եղել է Թիֆլիսում: 1905թ. մասնակցել է Թիֆլիսի հոկտեմբերյան ցույցին՝ ցարին տապալելու կոչ արել։ Մահացել է Թիֆլիսում։