Ծնվել է ՀՀ Գետաբեկ գյուղում: Երկու տարեկանից ընտանիքի հետ ապրել է Շուշիում: 1891թ-ից սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1895թ. Շուշիում կազմակերպել է երգչախումբ և համերգ տվել: 1904թ. ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան: Ղեկավարել է նաև տեղի հայկական եկեղեցու երգչախումբը, ներդաշնակել հոգևոր երգեր, կատարել ժողովրդական երգերի մշակումներ, գրել մեներգեր և պոլիֆոնիկ գործեր: 1905-07թթ. երաժշտություն է դասավանդել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, Հայոց դրամատիկական ընկերության միջոցով բեմադրել իր «Արեգնազան» օպերետը: Հետագա ստեղծագործական աշխատանքը գերազանցապես նվիրել է համերգային գործունեությանը: 1908թ-ից շրջագայելով հայաբնակ տարբեր վայրերում (Տրապիզոն, Կարին, Թիֆլիս, Թեհրան, Կ.Պոլիս և այլն, 1923թ-ից` ԱՄՆ)` շարունակել է հավաքել ժողվրդական եղանակներ (օգտվել է նաև Կոմիտասի գրառումներից) և կատարել իր երգչախմբերով: Նրա ստեղծագործությունները լրիվ հրատարակված, նույնիսկ հավաքված չեն: Կոմպոզիտորի ստեղծագործության առավել արժեքավոր բաժինը գեղջկական երգերի խմբերգային մշակումներն են: ԱՄՆ-ում ապրած տարիներին հանդես է եկել որպես Սովետական Հայաստանի բարեկամ, 1930-ական թվականներին սովետահայ մասսայական երգերի օրինակով հորինել ու կատարել է «Նոր կյանքի երգեր» շարքը: Մահացել է Ֆիլադելֆիայում: