Ծնվել է ՀՀ Շահաբ գյուղում (այժմ՝ Մայակովսկի): 1941թ., Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի երրորդ կուրսից, մեկնել է սովետական բանակ, մասնակցել Երկրորդ Համաշխարհային պատերազմին: 1944թ. զորացրվելուց հետո աշխատել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում, ռադիոհաղորդումների կոմիտեում, «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրությունում: 1955-59թթ. և 1978-82թթ. եղել է «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիրը, 1959-75թթ.՝ Հայաստանի գրողների միության վարչության երկրորդ քարտուղարը, 1982-86թթ.` «Սովետական գրականություն» ամսագրի գլխավոր խմբագիրը, 1988-90թթ.` ՀԳՄ վարչության նախագահը: Նրա բանաստեղծությունների առաջին գիրքը («Իմ կյանքի երգը») լույս է տեսել 1948թ.: Եղել է քնարական բանաստեղծ: Սեր, հայրենիք, Հայրենական մեծ պատերազմ, բնություն, հողի աշխատավոր, ժողովրդի ճակատագիր, սրանք են այն առանցքային թեմաները, որոնց շուրջը հյուսված է գրողի պոեզիան: Թարգմանել է մի շարք բանաստեղծների ստեղծագործություններից: Գրողի երկերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշ», «Կարմիր աստղ», «Ժողովուրդների բարեկամության» և «Պատվո նշան» շքանշաններով: 1974թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 1979թ.՝ ՀՀ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում: