Ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով): Սկզբնական կրթությունն ստացել է Ստավրոպոլի հայկական դպրոցում։ 1849թ. ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը՝ աշակերտելով ականավոր հայագետ Մկրտիչ Էմինին, 1858թ.՝ Պետերբուրգի գլխավոր մանկավարժական ինստիտուտը։ 1861թ-ից գլխավորել է Պետերբուրգի համալսարանի արևելագիտական լեզուների ամբիոնը։ 1872թ-ից վարելով նաև Պետերբուրգի գրաքննչական ատյանի հայերեն հրատարակությունների գրաքննչի պաշտոնը։ Մանկավարժական գործունեությանը զուգընթաց, զբաղվել է գիտական աշխատանքներով։ Ուսումնասիրել և հրատարակել է հայ միջնադարյան մի շարք պատմագիրների երկերը: Բազմիցս ընտրվել է միջազգային զանազան գիտական ընկերությունների անդամ։ Եղել է բանասիրական գիտությունների դոկտոր (1864թ.), Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր (1871թ.), Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամ (1885թ.)։ Մահացել է Պետերբուրգում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ):