Ծնվել է Վենետիկյան Հանրապետության Չենեդո քաղաքում (այժմ՝ Վիտորիո-Վենետո): 1769 թ-ից Լորենցո դա Պոնտեն սովորել է հոգևոր ճեմարանում: 1774-1776 թթ. դասավանդել է Տրեվիզոյի ճեմարանում գրականություն և ճարտասանություն: 1782 թ-ին դա Պոնտեն մեկնել է Վիեննա և աշխատել պալատական բանաստեղծ-լիբրետիստ: 1790 թ. մեկնել է Տրիեստ: Լորենցո դա Պոնտեն ապրել է Պրահայում, Դրեզդենում, Փարիզում և Լոնդոնում: Տասներեք տարի աշխատել է ներկայումս մոռացված կոմպոզիտորների հետ և 1805 թ. արտագաղթել ԱՄՆ: Ամերիկայում նա թարգմանել է անգլերենից իտալերեն մի քանի ստեղծագործություն, գրել է հուշեր: Հեղինակ է 11 կոմպոզիտորների ստեղծագործությունների 28 լիբրետոների: Մահացել է Նյու Յորքում: