Ծնվել է Լենինգրադում: Սովորել է Լենինգրադի Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի Բ. Խայկինի դիրիժորական դասարանում: 1952 թ-ին առաջին անգամ ղեկավարել է Լենինգրադի ֆիլհարմոնիկ նվագախումբը: 1956 թ-ին Էրմլերը հրավիրվել է Մեծ թատրոն, որտեղ աշխատել է երկար տարիներ: Ելույթներ է ունեցել աշխարհի ճանաչված նվագախմբերի և թատրոնների հետ՝ որպես դիրիժոր: 1980-1990թթ.՝ Մեծ թատրոնի առաջատար դիրիժոր, 1998- 2001 թթ.՝ Մեծ թատրոնի երաժշտական ղեկավար և դիրիժոր, Մեծ թատրոնի նվագախմբի գեղարվեստական ղեկավար: Դասավանդել է Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում: 1967 թ. արժանացել է ՌԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը, 1980 թ-ին՝ ՌԽՍՀ ժողովրդական արտիստի, 2001 թ-ին պարգևատրվել է « Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշանով, 1978 թ-ին՝ Գլինկայի անվան ՌԽՍՀ պետական մրցանակի: Մահացել է Սեուլում (Կորեա), թաղված է Մոսկվայում: