Ծնվել է Մոսկվայում: Երեք տարեկանում զրկվել է մորից, դաստիարակվել տատի՝ Ե. Ա. Արսենևայի մոտ։ Մանկությունն անցել է Պենզայի նահանգի Տարխանի (այժմ՝ Լերմոնտովո) գյուղում։ 1827 թ. տեղափոխվել է Մոսկվա, սովորել համալսարանին կից պանսիոնում, ապա՝ համալսարանում (1830-1832)։ Ընդհարվելով հետադեմ դասախոսների հետ, Լերմոնտովը կիսատ է թողել ուսումը, փոխադրվել է Պետերբուրգ և սովորել յունկերական հեծելազորային դպրոցում (1832-1834)։ 1834 թ-ից մինչև կյանքի վերջը եղել է զինվորական ծառայության մեջ։ 1828-1832 թթ. գրել է մոտ 300 բանաստեղծություն, ինչպես նաև երկու տասնյակ պոեմ: Լերմոնտովի կյանքի վերջին չորս տարիներն անցել են Կովկասի տարբեր վայրերում, որտեղ նա երկրորդ անգամ աքսորվել էր 1840 թ-ի սկզբներին։ Վերջին անգամ 1841 թվականի գարնանը Կովկաս աքսորված Լերմոնտովը սպանվել է մայոր Ն. Մարտինովի հետ մենամարտում, մինչև այժմ լրիվ չպարզաբանված հանգամանքներում։ Մահացել է Պյատիգորսկում (Ռուսական կայսրություն):