Ծնվել է Կոստանդնուպոլսում: 1834-39 թթ. սովորել է Բերայի Մխիթարյան դպրոցում, 1839-45թթ.` Իտալիայի Պադուա քաղաքի Մուրադյան վարժարանում: 1845թ., վերադառնալով Կ.Պոլիս, ծավալել է մանկավարժական-հասարակական լայն գործունեություն: Եղել է ժամանակի նշանավոր մանկավարժներից մեկը. Թարգմանչաց, Լուսավորչյան և Հռիփսիմյանց վարժարաններում դասավանդել է հայոց լեզու և գրականություն, ֆրանսերեն: 1846թ. նրա նախաձեռնությամբ հիմնադրվել է Համազգյաց ընկերությունը, որի գաղափարական ղեկավարն է եղել: Եղել է հայ նոր քնարերգության և արևմտահայ կանոնավոր մշտական թատրոնի հիմնադիրը: 1856թ. Օրթագյուղի Լուսավորչական վարժարանի սրահում տրվել են նրա կազմակերպած թատերախմբի առաջին ներկայացումները: Դիմելով պատմական անցյալին՝ դրամատուրգն արծարծել է ազգային-ազատագրական շարժման արդիական հարցեր, ձգտել հանդիսատեսի մեջ արթնացնել ազգային ինքնագիտակցություն: 1870 թ. Կոստանդնուպոլսում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունների և դրամատիկական ստեղծագործությունների ժողովածուն: Առաջին բանաստեղծությունը` «Զբոսանք Արտաշեսի Առաջնո» տպագրվել է 1849թ.` «Բազմավեպ»-ում: Բանաստեղծությունների մի մասը հրատարակել է Հրանտ կեղծանունով: Մահացել է Կոստանդնուպոլսում: