Ծնվել է Փայաջուկ գյուղում (Սալմաստի գավառ, Պարսկաստան): Նախնական կրթություն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ 1847 թ-ին մեկնել է Թիֆլիս, ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում։ 1852 թ-ին ընդունվել է ռուսական պետական գիմնազիայի չորրորդ դասարանը։ 1856 թ-ին, գիմնազիայի դասընթացը չավարտած, վերադարձել է Փայաջուկ։ 1857-1858 թթ. Րաֆֆին ճանապարհորդել է Պարսկաստանի և Թուրքիայի հայկական գավառներում, գրառել ժողովրդի նիստուկացի, բնաշխարհագրական տեղայնության, պատմական հիշատակների վերաբերյալ իր հարուստ տպավորությունները։ 1879 թ-ին Րաֆֆին մշտական բնակություն է հաստատել Թիֆլիսում և զբաղվել միայն գրական աշխատանքով։ Մահացել է Թիֆլիսում: