Ծնվել է Դոնի Ռոստովում: 1931թ-ին ավարտել է յոթամյա դպրոցը: 1933-35թթ. սովորել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում, միաժամանակ 1934-1935 թթ.՝ ջութակահար Մոսկվայի գեղարվեստական թատրոնի նվագախմբում: 1935 թ. սեպտեմբերին Կասպարովը վերադարձել է Դոնի Ռոստով և ուսումը շարունակել երաժշտական ուսումնարանում, ավարտել է 1938 թվականին: 1940 թ-ից՝ ԽՍՀՄ պետական սիմֆոնիկ նվագախմբի արտիստ է: 1941-1959թթ. աշխատել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի նվագախմբում, նաև դասավանդել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, այնուհետև՝ ռուսական մանկավարժական ուսումնարանում: 1954-59 թթ. Կասպարովը սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, օպերային և սիմֆոնիկ դիրիժորության մասնագիտությամբ: 1959-1964 թթ.՝ Վորոշիլովգրադի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր: 1964-1965 թթ.՝ Երևանի օպերային թատրոնի դիրիժոր: 1965 թ. մարտից՝ Ռոստովի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր: 1977 թ-ից դասավանդել է Ռոստովի պետական երաժշտա-մանկավարժական ինստիտուտում (պրոֆեսոր): 1956 թ. Կասպարովը պարգևատրվել է «Պատվո Նշան» շքանշանով, իսկ 1956 թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը: Մահացել է Դոնի Ռոստովում: