Ծնվել է Մուշի գավառի Մեջիթլու գյուղում: 1915 թվականին գաղթել է Արևելյան Հայաստան, պատանությունն անցկացրել տարբեր որբանոցներում: 1920 թվականի աշնանը գերվել է Ալեքսանդրապոլ ներխուժած թուրքերի կողմից, 1921 թվականի մայիսին հրաշքով փրկվել՝ լողալով անցնելով Ախուրյան գետը: 1924 թվականին աշխատանքի է անցել Երևանի Տպագրական տրեստի 2-րդ տպարանում որպես գրաշար: 1930 թվականին ավարտել է բանասիրական ֆակուլտետը, 1933 թվականին Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի գրական-սցենարական բաժինը: 1933-1938 թվականներին աշխատել է «Գրական թերթում», նախ որպես բաժնի վարիչ, ապա՝ պատասխանատու քարտուղար: 1938-1948 թթ. եղել է «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրի խմբագրի տեղակալ: 1950-1957 թթ.՝ Հայաստանի գրողների միության կոնսուլտացիոն բյուրոյի նախագահ: 1957-1966 թվականներին վարել է «Հայաստան» հրատարակչության գեղարվեստական գրականության խմբագրության վարիչի պաշտոնը: 1930 թվականին հրատարակել է բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Անիվի երգը» խորագրով։ 1934 թ-ից՝ Հայաստանի գրողների միության անդամ: 1975թ-ին Վահան Գրիգորյանին շնորհվել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչում: Մահացել է Երևանում: