Ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Թաթուլ Ալթունյանի խմբավարության և Գրիգոր Եղիազարյանի կոմպոզիցիայի դասարաններում: 1952-54թթ. եղել է Լենինականի Ք.Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենը: 1952-58թթ. ծավալել է մանկավարժական գործունեություն: 1955-61թթ. եղել է Երևանի հանրապետական պարարվեստի ուսումնարանի տնօրեն, 1961-64թթ.՝ Հայաստանի ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագրության առաջին գլխավոր խմբագիր, 1964-66թթ.՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն, 1966-71թթ.՝ Երևանի Ա.Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնադիր-տնօրեն, 1981-85թթ.՝ Հայաստանի ժողովրդական գործիքների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր: Հեղինակել է սիմֆոնիկ, վոկալ-սիմֆոնիկ, օպերային, օպերետային, կամերային, խմբերգային, վոկալ, վոկալ-գործիքային երկեր: Հեղինակել է նաև երգեր, հրատարակել է գրքեր: Հայաստանի կոմպոզիտորների, ժուռնալիստների, Մոսկվայի Հայերի միությունների անդամ է: Եղել է «Հայաստան-Լիբանան» կազմակերպության նախագահը: 2002թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2010թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե շքանշաններով: 1990թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2011թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: