
Երգի հեղինակներ
- Տարի
- 2001
- Տևողություն
- 15:06
- Կատարող
- Սարգիս Նաջարյան
Կենսագրություն
Սարգիս Նաջարյան
Ծնվել է Երևանում: Սարգիս Նաջարյանը ավարտել է Երևանի Վ.Տերյանի անվան միջնակարգ դպրոցը, մեկ տարի աշխատել է «Պոլիվինիլացետատ» գործարանում: 1967-73թթ. սովորել է Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում և Մոսկվայի արվեստի համալսարանի թատերական ֆակուլտետի հեռակա բաժնում: 1971թ. մասնակցել է հաղորդավարների մրցույթի և ընդունվել Հեռուստառադիոպետկոմ: 1973թ. Մոսկվայի կենտրոնական ռադիոհեռուստատեսությանը կից ստուդիայում անցել է խոսքարվեստի դասընթացներ: Հրավիրվել է Հայաստանի հեռուստատեսություն և վարել «Համայնապատկեր», «Կինոյի աշխարհում», «Լինում է, չի լինում», «Մարդը և օրենքը» և այլ հաղորդաշարեր: Աշխատել է նաև ռադիոյում` որպես ծրագրերի հաղորդավար-խմբագիր: Մասնակցել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերի կրկնօրինակման թարգմանչական և խմբագրական աշխատանքներին: 1973-78թթ. դասավանդել է միջնակարգ դպրոցում հայոց լեզու և անգլերեն: 1984թ.-ից Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է: 1986թ.-ից հայկական ռադիոկայաններով պատրաստել և վարել է գրական-ժամանցային հաղորդումներ: 1990-97թթ.՝ «Դավիթ Անհաղթ» համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան և դասախոս: 1993թ. Ս. Նաջարյանը նկարահանվել է «Արամ Խաչատրյան» հեռուստաֆիլմում: 1994-2000թթ. ղեկավարել է Ա.Իսահակյանի անվան հանրային գրադարանի ասմունքի խմբակը: 2002-08թթ. դասավանդել է «Մոնթե Մելքոնյան» համալսարանում, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտների վերապատրաստման դասընթացում: 2002թ. հոգևոր աշխարհում մատուցած ծառայությունների համար արժանացել է Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհակալագրին, իսկ 1993թ.` Վազգեն Ա Վեհափառի արծաթե մեդալին: «Սայաթ-Նովա 2000» համահայկական երգի փառատոնում «Հայրենասիրական երգ» անվանակարգում Սարգիս Նաջարյանը արժանացել է 1-ին մրցանակին, «Քրիստոնեական Հայաստան 1700» միջոցառումների հանձնաժողովի կողմից` հատուկ դիպլոմի: 2005թ.՝ «Տարվա լավագույն ռադիոհաղորդավար»: Պատրաստել է բազմաթիվ ռադիո և հեռուստահաղորդումներ, ֆիլմաշարեր, նկարահանվել է «Տաճար» ֆիլմում, խաղացել է «Նեմեսիս» ներկայացման մեջ: Իր ընթերցմամբ թողարկվել են բազմաթիվ հեքիաթների ձայնասկավառակներ, տեսաերիզներ: Վարել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Կարոտ» հաղորդաշարը: 2009թ. թողարկել է Պ.Սևակի, Հ.Թումանյանի, Հ.Սահյանի, Վ.Տերյանի երկերի ձայներիզները: 2009 թ-ին կարդացել է ռեժիսոր Հովիկ Հախվերդյանի «Մատենադարան» բազմասերիանոց ֆիլմի տեքստը (անգլերեն): 2017 թ. ձայնագրել և թողարկել է Գր. Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը՝ ամբողջությամբ: 2006թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր լրագրողի կոչման: 2018թ-ին պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով: