
Երգի հեղինակներ
- Տարի
- 1953
- Տևողություն
- 10:51
- Կատարող
- Վահրամ Փափազյան
Կենսագրություն
Վահրամ Փափազյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում: 1896-1907թթ. Վահրամ Փափազյանը սովորել է տեղի թաղային դպրոցում, ապա` Նարեկյան վարժարանում և Մխիթարյան նախակրթարանում: 1902թ. ավարտել է Կ.Պոլսի Էսայան վարժարանը, 1906թ.` Գատըգյուղի քոլեջը, 1905-07թթ.՝ ուսանել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: Վահրամ Փափազյանը առաջին անգամ բեմ է բարձրացել 1904 թ.: 1907թ. նա մեկնել է Փարիզ, ապա մի քանի ամիս խաղացել Բաքվի հայկական թատերախմբերում: 1908-11թթ. սովորել է Միլանի գեղարվեստի ակադեմիայում, հանդես է եկել շրջիկ թատերախմբերում: 1908թ. Կ.Պոլսում առաջին անգամ խաղացել է Օթելլոյի դերը (Վ.Շեքսպիրի «Օթելլո»), որը խաղացել է ավելի քան 2000 անգամ: 1909-13թթ. խաղացել է Կ.Պոլսի և Զմյուռնիայի թատերախմբերում: 1913-17թթ. Թիֆլիսի Արտիստական ընկերության և Բաքվի հայկական դրամատիկական թատրոններում հանդես է եկել Սիրանույշի, Հովհաննես Աբելյանի և Հովհաննես Զարիֆյանի հետ: 1917-20թթ., Էռնեստո Վահրամ ծածկանունով, Մոսկվայում և Յալթայում նկարահանվել է Խանժոնկովի մի շարք կինոնկարներում: 1920թ. վերջին անգամ մեկնել է Կ.Պոլիս և մինչև 1922թ. խաղացել հայկական դրամատիկական խմբում: 1922թ. մեկ թատերաշրջան եղել է Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) դերասան: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում, բեմադրել մի շարք պիեսներ: 1922-26թթ. հանդես է եկել Թիֆլիսի և Բաքվի հայկական թատրոններում: 1926-27թթ. եղել է Թիֆլիսի Հայ դրամայի թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1929-30թթ.՝ Լենինգրադի «Պասսաժ», 1942-44թթ.՝ Պուշկինի անվան թատրոնների դերասան: 1932թ. ռուսական թատերախմբերի հետ Վահրամ Փափազյանը ելույթներ է ունեցել Ռիգայում, Տալլինում, Կաունասում, ապա մեկնել է Փարիզ, ներկայացումներով հանդես եկել տեղի Հայ դրամատիկական թատրոնի հետ, «Օդեոն» թատրոնի դերասանական խմբով ֆրանսերեն ներկայացրել «Օթելլոն»: 1934-41թթ. իր կազմակերպած ռուսական թատերախմբով, առանձին շրջագայել է Այսրկովկասի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Միջին Ասիայի քաղաքներով: Հայրենական Մեծ պատերազմի տարիներին (1941-45թթ.) մնացել է պաշարված Լենինգրադում և ելույթներ ունեցել զինվորների համար: 1954թ. հաստատվել է Երևանում, եղել է Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, նկարահանվել է կինոնկարներում: Վահրամ Փափազյանը մի շարք գրքերի հեղինակ է: Եղել է Սովետական Հայաստանի 7-րդ գումարման Գերագույն Սովետի պատգամավոր: Արժանացել է պետական պարգևների, շքանշանների, պատվոգրերի: 1933թ. Վահրամ Փափազյանին շնորհվել է Հայաստանի և Վրաստանի, 1935թ.` Ադրբեջանի, 1956թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում: Մահացել է Լենինգրադում (այժմ` Սանկտ-Պետերբուրգ), թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: