
Երգի հեղինակներ
- Տարի
- 1962
- Տևողություն
- 1:01
- Կատարող
- Մարտիրոս Սարյան
Կենսագրություն
Մարտիրոս Սարյան
Ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ` ՌԴ Դոնի Ռոստով): 1895թ. Մարտիրոս Սարյանը ավարտել է տեղի հանրակրթական ուսումնարանը, 1904թ.` Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի գեղանկարչության բաժինը: 1901թ. նա մեկնել է Կովկաս, այցելել Երևանը, Աշտարակը, Վաղարշապատը, Սևանը, Անին: 1904-09թթ.՝ ստեղծել է նոր ու արդիական արվեստ, որը կոչվում է «սարյանական»: Նրա «Գլիցինիաներ», «Մրգեղենի կրպակ», «Փողոց Կոստանդնուպոլսում» նկարները առաջին անգամ գնել է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահը: 1915թ. Հայոց Մեծ եղեռնի ժամանակ աշխատել է «Հայերին օգնող մոսկովյան կոմիտեում», մեկնել է Էջմիածին, ջանք չի խնայել համաճարակից փրկելու հայ գաղթականներին: 1916թ. Մոսկվայում Վարդգես Սուրենյանցի հետ Մարտիրոս Սարյանը ձևավորել է Վալերի Բրյուսովի «Հայ պոեզիան...» ժողովածուն, 1919թ.՝ Նոր Նախիջևանում հիմնել է գավառագիտական թանգարան: 1921թ. նա տեղափոխվել է Երևան, նշանակվել նոր կազմակերպվող Հայաստանի պետական թանգարանի վարիչ, օգնել է Երևանի գեղարվեստի ուսումնարանի հիմնադրմանը, Հակոբ Կոջոյանի հետ ստեղծել է ՀԽՍՀ զինանշանը: 1945-51թթ.՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ: 1926-28թթ. ապրել և ստեղծագործել է Փարիզում: 1928թ. Փարիզի «Ժիրար» սրահում բացվել է նկարչի անհատական ցուցահանդեսը: 1937թ. Մարտիրոս Սարյանը Փարիզում արժանացել է «Գրան Պրի» մրցանակի: «Իմ հայրենիքը» նկարաշարի (1952-58թթ.) համար արժանացել է ԽՍՀՄ Լենինյան մրցանակի (1961թ.): Նա ստեղծագործել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, պաննոներ, ձևավորել գրքեր, նաև Գ.Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի վարագույրը, կատարել բեմանկարչական գործեր, ստեղծել է վիթխարի մի պատկերասրահ` շուրջ 3 հազար գործ, ազգային արվեստը բարձրացրել միջազգային մակարդակի: Մարտիրոս Սարյանը անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Լենինգրադում, Թբիլիսիում, Փարիզում, Երևանում և այլուր: Եղել է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի 2-4-րդ գումարումների պատգամավոր: 1958թ. նա արժանացել է Բրյուսելի միջազգային ցուցահանդեսի ոսկե մեդալի, 1965թ.` Հայաստանի Պետական մրցանակի: Եղել է նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրը, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի (1947թ.) և ՀԽՍՀ ԳԱ (1956թ.) ակադեմիկոս: Նրա գործերը կենտրոնացված են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, տարբեր թանգարաններում, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում: 1926թ. Մարտիրոս Սարյանը արժանացել է Հայաստանի, 1960թ.` ԽՍՀՄ ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում: