
Երգի հեղինակներ
- Տարի
- 1957
- Տևողություն
- 56:58
Կենսագրություն
Հակոբ Պարոնյան
Ծնվել է Ադրիանապոլիսում: Նախնական կրթությունը Հակոբ Պարոնյանը ստացել է Արշակունյան վարժարանում։ Նրա առաջին ուսուցիչը եղել է Ներսես Վարժապետյանը, ով հետագայում հայտնի եկեղեցական գործիչ էր։ Նրա մասին Պարոնյանը մեծ հարգանքով է հիշատակում իր «Ազգային սյուներ» պատմվածքում։ Վարժարանում խորացված հոգևոր առարկաներ էին անցնում, և աշակերտները չէին կարողանում այնտեղ լիարժեք կրթություն ստանալ։ Սակայն Պարոնյանը լեզուներ է սովորում, հատկապես՝ հայերեն: Վարժարանը նա ավարտում է 1857 թ-ին և ընդունվում Ադրիանապոլսի հունական դպրոց, որտեղ սովորում է միայն մեկ տարի։ Դրանից հետո, ինչպես շատ հայ գրողներ, ֆինանսական սղության պատճառով Պարոնյանը փոխում է բազմաթիվ մասնագիտություններ, որոնք միայն խանգարում էին նրա ստեղծագործական կյանքին։ Այս ճարպիկ և երազանքներով լի երիտասարդը տեղավորվում է դեղատանը, որտեղ նա գրում է բազմաթիվ բանաստեղծություններ, այնուհետև ծխախոտի հայտնի ֆրանսիական ընկերությունում, որից հետո՝ փոքր եղբոր մոտ որպես հաշվապահ, ֆրանսիական գործակալությունում՝ որպես թարգմանիչ, տնային ուսուցիչ, դասավանդել է Ուսքյուդարի վարժարանում։ Վարժարանում աշխատելով Պարոնյանը ծանոթանում է բանաստեղծ Սիմոն Ֆելեքյանի հետ և նրա առաջարկով սկսում է աշխատել «Եփրատ» թերթում: Հետագայում նա դառնում է այդ թերթի խմբագիրը։ Պարոնյանի ստեղծագործական կյանքում վճռորոշ դեր է խաղացել ծանոթությունը Հարություն Սվաճյանի և «Մեղու» երգիծական թերթի հետ: Որոշ ժամանակ անց նա խմբագրի պաշտոն է ստանում նաև այստեղ։ Սակայն քննադատական ուղղություն ունենալով շուտով իշխանությունը փակում է այդ թերթը։ «Մեղու»-ում աշխատելուց հետո Պարոնյանը ստեղծում է իր «Տատրոն» («Թատրոն») անունով թերթային ժողովածուն, որը լույս է տեսնում ընդամենը երեք տարի: Միաժամանակ տպագրում է «Տատրոն Մանկանց» (մանկական թատրոն) ժողովածուն: Հինգ-վեց տարի անց նրան հաջողվում է ստեղծել նոր երգիծական թերթ՝ «Խիկար» («Իմաստուն»), որը նույնպես ունենում է նախորդ թերթերի ճակատագիրը՝ փակվում է։ Պարոնյանի լավագույն ստեղծագործությունները ստեղծվում են այդ ժողովածուներում։ Նա աշխատում էր գրեթե միայնակ և իր քրտնաջան աշխատանքով լցնում բոլոր էջերը։ Պարոնյանը վստահ էր, որ ժառանգներին հարուստ ժառանգություն է թողնում։ Կյանքի վերջին տարիներին աղքատությունը մեծ երգիծաբան գրողին ստիպում է կրկին հաշվապահ աշխատել: Այս աշխատանքը չափազանց ծանր էր նրա համար: Բացի այդ, այդ օրերին անբուժելի հիվանդությունը (տուբերկուլյոզը) արդեն ամբողջովին ոչնչացրել էր նրա առողջությունը: Մահացել է Կոստանդնուպոլսում: Երևանում Պարոնյանի անունով կոչվել է փողոց, դպրոց, Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը: