
Երգի հեղինակներ
- Տարի
- 1990
- Տևողություն
- 14:00
- Կոմպոզիտոր
- Վարդան Ալեքսանդրի Աճեմյան
Կենսագրություն
Վարդան Ալեքսանդրի Աճեմյան
Ծնվել է Երևանում: 1962-69թթ. Վարդան Աճեմյանը սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, 1973-78թթ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (Ղազարոս Սարյանի ստեղծագործական դասարան): Ուսանողական տարիներին գրված լավագույն ստեղծագործություններից են` «Սիմֆոնիկ պոեմը», «Ժողովրդական երգերի շարանը», «Պոլիֆոնիկ սոնատը», «Կիկոսի մահը» օպերան, որը ներկայացրել է դիպլոմային աշխատանք: Առաջին անգամ կոնսերվատորիայի պատմության մեջ դիպլոմային աշխատանքը գնահատվել է «5+»-ով: 1981թ. ավարտել է կոնսերվատորիայի ասպիրանտուրան` Ղազարոս Սարյանի ղեկավարությամբ: 1978թ-ից զբաղվել է մանկավարժական գործունեությամբ: 1986-88թթ. դասավանդել է Ա.Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում, իսկ 1995-2003թթ. աշխատել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում` որպես կոմպոզիցիայի դասատու: 1987թ-ից աշխատում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ դասավանդում է գոծիքավորում և գործիքագիտություն, իսկ 1995թ-ից` նաև կոմպոզիցիա, ստեղծագործական ամբիոնի վարիչն է (2004թ-ից՝ պրոֆեսոր): Ստեղծել է մի շարք կամերային-գործիքային, վոկալ-խմբերգային ստեղծագործություններ, երաժշտություն թատերական ներկայացումների համար, էստրադային երգեր, մշակել է ժողովրդական երգեր: Վարդան Աճեմյանը Հայաստանի Կոմպոզիտորների միության, ՀՀ մշակույթի նախարարության խորհրդի անդամ է: 2003թ-ից կազմակերպել է բազմաթիվ մրցույթ-փառատոներ: 2008թ-ից հանդիսանում է հեղինակային իրավունքները պաշտպանող միջազգային ասոցիացիայի անդամ (SUISA): Ստացել է ՀՀ ՊՆ կազմակերպած «Զինվորական երգ» հանրապետական մրցույթի մրցանակ: 1987թ. արժանացել է ՀԼԿԵՄ մրցանակի, 1990թ.` «Տարվա լավագույն երգ» մրցանակի` «Արցախ» երգի համար, 1993թ.` թավջութակի կոնցերտի մրցույթի 2-րդ և Էստրադային երգի հանրապետական մրցույթի 1-ին մրցանակներին: 2010թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2016թ.՝ ՀՀ Պետական մրցանակի («Հնչյունի թատրոն» ստեղծագործության համար):