
Երգի հեղինակներ
- Տարի
- 1954
- Տևողություն
- 2:19
- Կոմպոզիտոր
- Կոմիտաս
Կենսագրություն
Կոմիտաս
Ծնվել է Անատոլիայի (Թուրքիա) Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։ Յոթ տարեկանում ընդունվել է տեղի տարրական դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց Բրուսա՝ ուսումը շարունակելու: Սակայն դա չհաջողվեց հոր մահվան պատճառով, և չորս ամիս անց նա տուն դարձավ (11 տարեկան էր)... Նա հիանալի երգում էր և Կուտինայում նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։ 1881թ-ին Կուտինայի վանահայր Գ.Դերձակյանը պետք է մեկներ Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու և իր հետ մի ձայնեղ որբ տղա պետք է տաներ՝ Էջմիածնի հոգևոր ճեմարանում ուսանելու։ Ընտրվեց տասներկուամյա Սողոմոնը։ Գևորգ Դ. կաթողիկոսի ողջույնին պատասխանում է. «Ես հայերեն չեմ խոսում, եթե ուզում եք՝ կերգեմ»։ Եվ իր գեղեցիկ սոպրանոյով երգում է հայերեն շարական՝ առանց որևէ բառ հասկանալու։ 1890թ-ին ձեռնադրվել է սարկավագ։ 1893-ին ավարտել է ճեմարանը, ապա նրան շնորհվել է աբեղայի աստիճան և տրվել 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվեց երաժշտության ուսուցիչ։ 1895թ-ին Կոմիտասն օծվում է վարդապետի հոգևոր աստիճանով: Մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու, հանդիպելով Մակար Եկմալյանին՝ փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացը: Այնուհետև մեկնում է Բեռլին՝ ուսանելու մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշյանի հովանավորությամբ: Կոմիտասն ընդունվում է պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան և պարապմունքներին զուգընթաց հաճախում է Բեռլինի Կայսերական համալսարանի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր և երաժշտության պատմության դասախոսություններին: Միջազգային երաժշտական ընկերության հրավերով նա դասախոսություն է կարդում՝ նվիրված հայ եկեղեցական և աշխարհիկ երաժշտությանը, այն համեմատելով թուրքական, արաբական, քրդական երաժշտության հետ: 1899թ. սեպտեմբերին Կոմիտասը վերադառնում է: Ստեղծում է ոչ մեծ նվագախումբ, բարձր վարպետության հասցնում երգչախմբի կատարողական մակարդակը: Նա շրջում է Հայաստանի շատ վայրեր՝ գրի առնելով հազարավոր հայկական, քրդական, պարսկական և թուրքական ժողովրդական մեղեդիներ, կատարում երգերի մշակումներ, զբաղվում է նաև գիտա-հետազոտական աշխատանքով. ուսումնասիրում է հայ ժողովրդական և հոգևոր մեղեդիները, աշխատում հայկական խազերի վերծանման վրա, ձայնեղանակների տեսությամբ: Աշխարհի տարբեր երկրներում հանդես է գալիս որպես հայ երաժշտության կատարող և պրոպագանդիստ: Կոմպոզիտորը սկսում է խորհել նաև երաժշտական խոշոր, մոնումենտալ ձևերի մասին: Մտադրվում է ստեղծել «Սասնա ծռեր» երաժշտական էպոսը և շարունակում է իր աշխատանքը «Անուշ» օպերայի վրա, որը սկսել էր գրել 1904-ից: Նա իր ուշադրությունը բևեռում է ժողովրդական երաժշտական ստեղծագործության հետ կապված թեմաների վրա, բացահայտում է ժողովրդական երգերի բովանդակությունը: Իհարկե՛, կոմպոզիտորի աշխարհայացքի նմանօրինակ հիմքերը պետք է հանգեցնեին եկեղեցու և Կոմիտասի միջև անխուսափելի կոնֆլիկտի: Աստիճանաբար, եկեղեցու նոր ղեկավարների անտարբերությունը, վանական միաբանության հետադեմ խավի թշնամական վերաբերմունքը, բամբասանքներն ու զրպարտանքն ավելի մեծացան և թունավորեցին կոմպոզիտորի կյանքը: Կոնֆլիկտն այնքան է խորանում, որ Կոմիտասը մի աղերսագին գրավոր դիմում է հղում կաթողիկոսին՝ թախանձելով իրեն ազատ արձակել, թույլ տալ հանգիստ ապրել և ստեղծագործել։ Այս դիմումն անհետևանք է մնում, և սկսվում է ավելի անսքող հալածանք Կոմիտասի նկատմամբ: 1910թ-ին Կոմիտասը թողնում է Էջմիածինը ու մեկնում Կ.Պոլիս: Նա կարծում էր, թե Պոլսում կարող էր գտնել այնպիսի միջավայր, որը կհասկանար իրեն, կպաշտպաներ և կխրախուսեր իր գործունեությունը, այստեղ նա կկարողանար իրականացնել իր իղձերը: Կոմիտասը ցանկանում էր ստեղծել ազգային երաժշտանոց, որի հետ էր կապում հարազատ ժողովրդի երաժշտության հետագա բախտը: Սակայն կոմպոզիտորին չի հաջողվում այս, ինչպես և շատ այլ ձեռնարկումներ իրագործել։ Նրա բոլոր նվիրական մտահղացումներն հանդիպում են տիրող իշխանությունների անտարբերությանն ու խորտակվում: Պոլսում Կոմիտասը կազմակերպեց երեք հարյուր հոգանոց խառը երգչախումբ՝ անվանելով այն «Գուսան»: Կոմիտասը հաճախ իր ժամանակն անց էր կացնում ուղևորությունների մեջ՝ հանդես գալով զեկուցումներով ու դասախոսություններով, իր կազմակերպած համերգներում ելույթ ունենալով որպես մեներգիչ ու խմբավար: Կոմպոզիտորը հիանալի կերպով տիրապետում էր սրինգին և դաշնամուրին։ Նա օժտված էր իր ունկնդիրներին հուզելու և համոզելու մեծ ուժով: 1906թ-ին մի համերգից հետո ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսին հուզված բացականչել էր. «Հանճարեղ հայր Կոմիտաս, Ձեր երաժշտական հանճարին առջև կխոնարհիմ»: Պոլսում նույնպես Կոմիտասը չգտավ անշահախնդիր համախոհներ, որոնք կօգնեին իր ծրագրերն իրագործելու։ Դեռ ավելին. եթե Էջմիածնում նա իր հարազատ ժողովրդի հետ էր, մոտ էր նրա կենցաղին ու արվեստին, Պոլսում զրկված էր նաև դրանից։ Այդուհանդերձ, նա շարունակում է իր լարված աշխատանքը։ Կոմիտասն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հոգևոր գործերի ստեղծմանը։ Այս բնագավառում նրա գլուխգործոցը Պատարագն է՝ գրված արական երգչախմբի համար։ Կոմպոզիտորը կարևոր նշանակություն է տալիս նաև երաժշտագիտական գործունեությանը։ Փարիզում Միջազգային երաժշտական ընկերության համաժողովում նա կարդում է երկու զեկուցում՝ «Հայ ժողովրդական երաժշտություն» և «Հայ հոգևոր երաժշտության մեջ հին և նոր նոտագրության մասին» թեմաներով, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում համաժողովի մասնակիցների շրջանում։ Կոմիտասին առաջարկվում է կարդալ նաև չնախատեսված զեկուցում՝ «Հայ երաժշտության ժամանակի, կշռի, շեշտավորության և տաղաչափության մասին» թեմայով։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքերի կառավարությունը սկսեց իրագործել հայ ժողովրդի մի հատվածի դաժան և անմարդկային բնաջնջման իր հրեշավոր ծրագիրը։ 1915թ-ի ապրիլին մի շարք նշանավոր հայ գրողների, հրապարակախոսների, բժիշկների, իրավաբանների հետ մեկտեղ ձերբակալվեց նաև Կոմիտասը։ Խոշտանգումներով ուղեկցվող բանտարկությունից հետո նա աքսորվեց Անատոլիայի խորքերը, ականատես դարձավ հայ ժողովրդի անգութ բնաջնջմանը։ Ու թեև ազդեցիկ անձանց միջնորդությամբ Կոմիտասը վերադարձավ Պոլիս, բայց վերապրած սարսափներն անջնջելի հետք թողեցին նրա հոգեկան աշխարհի վրա։ Կոմիտասն առանձնացավ արտաքին աշխարհից, փակվեց միայն իր մռայլ ու ծանր խոհերի մեջ՝ ընկճված և մելամաղձոտ։ 1916թ-ին նրան տեղափոխեցին հոգեբուժարան։ Իր վերջին ապաստանը գտավ Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հիվանդանոցում՝ անցկացնելով այնտեղ գրեթե քսան տարի։ Այստեղ էլ ընդհատվեց մեծն Կոմիտասի կյանքը։ 1936թ-ի գարնանը նրա աճյունը տեղափոխվեց Հայաստան և հողին հանձնվեց Երևանում՝ մշակույթի գործիչների պանթեոնում։