
Երգի հեղինակներ
- Տարի
- 1973
- Տևողություն
- 4:11
- Կատարող
- Սուրեն Բաղդասարյան
Կենսագրություն
Սուրեն Բաղդասարյան
Ծնվել է Ստեփանակերտում։ Վաղ տարիքից գերված է եղել սպորտով և անձամբ էլ զբաղվել է մինչև ձեռքի լուրջ վնասվածք ստանալը։ Առողջական խնդիրը թույլ չտվեց, որ սպորտային կարիերան շարունակվի, բայց սպորտը դարձավ նրա կյանքի անբաժանելի ուղեկիցը։ 1961 թվականին Սուրեն Բաղդասարյանը հաղթող է ճանաչվում մարզական մեկնաբանների մրցույթում և պետք է, որ ավելի շուտ եթեր դուրս գար, բայց առաջին եթերին նա ստիպված է լինում սպասել 10 տարի։ Մասնագիտության նկատմամբ սերն այնքան մեծ է լինում, որ աշխատելով այլ բնագավառում՝ մաթեմատիկական մեքենաների ինստիտուտում, բազմահազարանոց կոլեկ-տիվի համար ներքին ռադիոհանգույցով ամեն օր մարզական լուրեր է սկսում հաղորդել։ 1970-ին ռադիոմեկնաբան Լևոն Դանիելյանը, որը մինչ այդ մեկնաբանում էր ֆուտբոլային ռադիոռեպորտաժները ծանր հիվանդ լինելու պատճառով դադարեցնում է իր գործունեությունը։ Նորից հայտարարվում է մեկնաբանական մրցույթ և այստեղ էլ Սուրեն Բաղդասարյանը հաղթող է ճանաչվում։ 1971 թվականի սեպտեմբերի 6-ին «Արարատը» «Հրազդան» մարզադաշտում ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնության հերթական խաղում ընդունում է Տաշքենդի «Պախտակորին» ու դրամատիկ խաղում հաղթում 3-2 հաշվով։ Հենց այս խաղով էլ սկսվում է Սուրեն Բաղդասարյանի մեկնաբանական գործունեությունը։ Հայկական ֆուտբոլի համար փառավոր համարվող 1973 թվականին «Արարատի» բոլոր խաղերի ռեպորտաժները հայկական ռադիոյով հնչել են բացառապես Սուրեն Բաղդասարյանի հաղորդմամբ։ Հենց այդ տարի է, որ «Արարատը» ձևակերպում է «Ոսկե դուբլ» դառնալով ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։ Բաղդասարյանն է վարել «Արարատի» մասնակցությամբ ԽՍՀՄ գավաթի խաղարկության 3 եզրափակիչ խաղերի (1973թ․ «Արարատ» - «Դինամո» Կիև, 1975թ․՝ «Արարատ» - «Զարյա», 1976թ․՝ «Արարատ» - «Դինամո» Թբիլիսի) ռեպորտաժները։ Նրա շնորհիվ է հիմք դրվել «Արարատի» մասնակցությամբ ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնությունների արտագնա բոլոր խաղերի ռադիոռեպորտաժների հեռարձակմանը հայկական ռադիոյով: Սուրեն Բաղդասարյանը շուրջ 20 տարուց ավելի աշխատել է Հայաստանի պետական, այնուհետև հանրային ռադիոյում և հեռուստատեսությունում։ Լուսաբանել է օլիմպիական խաղեր, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադաներ, աշխարհի և Եվրոպայի առաջնություններ, միջազագային բազմաթիվ մրցաշարեր։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական առաջին հանդիպումը հեռարձակվել է ռադիոյով և այն նույնպես մեկնաբանել է Սուրեն Բաղդասարյանը (07.09.1994թ․ Բրյուսել՝ Բելգիա – Հայաստան 2-0): Տասը տարի ֆուտբոլային ռեպորտաժներ է վարել «Արմենիա», «Լայմ», «12» հեռուստաընկերություններով։ 1996 թվականին հիմնադրել է «Ֆուտբոլ +» շաբաթերթը և մինչ օրս շարունակում է լրագրողական գործունեություն ծավալել։ Սուրեն Բաղդասարյանը պարգևատրվել է ՄՕԿ-ի, Հայաստանի պետական հեռուստատեսության պատվոգրերով, ՀԱՕԿ-ի, «Տրդատ Արշակունի», «Հրանտ Շահինյան» մեդալներով, արժանացել է ֆիզկուլտուրայի վաստակավոր աշխատողի կոչմանը։