
Երգի հեղինակներ
- Տարի
- 2024
- Տևողություն
- 3:23
- Գործիքավորող
- Վահե Հայրապետյան
Կենսագրություն
Վահե Հայրապետյան
Ծնվել է Երևանում: 1976-84թթ. սովորել է Երևանի թիվ 139 միջնակարգ դպրոցում, զուգահեռ՝ Երևանի Հ. Դանիելյանի անվան թիվ 9 երաժշտական դպրոցի ջութակի դասարանում, 1984-88թթ.՝ Երևանի Երաժշտական մանկավարժական ուսումնարանի խմբավարության բաժնում, 1988-93թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում (Էդվարդ Միրզոյանի դասարանում), զուգահեռ սովորել է նաև օպերային-սիմֆոնիկ դիրիժորության բաժնում (Յուրի Դավթյանի դասարան): 1984-88թթ. Կանազի մշակույթի պալատում ստեղծել և ղեկավարել է իր առաջին խումբը՝ վոկալ-գործիքային անսամբլ: Նույն տարիներին, որպես բաս-կիթառահար, ելույթներ է ունեցել Մերգելյան ինստիտուտի ջազային ակումբի «Կամերտոն» երիտասարդական ջազ-քառյակի կազմում: 1991-92թթ. աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյում որպես դասական երաժշտության խմբագիր: 1993-96թթ. բնակվել է Սանկտ Պետերբուրգում, որտեղ ղեկավարել է Հայ առաքելական եկեղեցու երգչախումբը: Եկեղեցուն կից ստեղծել և ղեկավարել է «Հայեցի ձայներ» մանկական երգչախումբը: 1994-95թթ. աշխատել է Սանկտ Պետերբուրգի «Օկոշկի» թատրոնում, 1995-96թթ.՝ «Կարամբոլ» ակումբում՝ որպես երաժիշտ-դաշնակահար: 1997-2010թթ. եղել է Երևանի պետական կամերային թատրոնի երաժշտական ղեկավարը: 2003-16թթ.՝ Հայաստանի հանրային ռադիոյի երաժշտական ծրագրավար և երաժշտական խմբագիր: 2004-05թթ.՝ «Էրեբունի-Երևան» ամենամյա տոնակատարության երաժշտական պատասխանատու և գործիքավորող, 2007-08թթ. Մոսկվայում՝ «Երևանի օրեր» և «Ոսկե Նուռ» փառատոների երաժշտական ղեկավարն ու պատասխանատուն, 2007-08թթ.՝ «Արմեն-Ակոբ» մշակութային կենտրոնի քառաձայն երգչախմբի խմբավարը: 2005թ. Կանադայում լույս է տեսել նրա երգերի առաջին «Քո երգը» ձայնասկավառակը: Հայաստանի հանրային ռադիոյով վարել է հեղինակային ծրագրեր: 2011թ. հանդիսացել է Հանրային ռադիոյի 85-րդ և Հանրային հեռուստատեսության 55-րդ տարեդարձերի գալա-համերգի երաժշտական պրոդյուսերն ու գործիքավորողը: 2012-18թթ.՝ Հայաստանի հանրային ռադիոյի «Արևիկ» մանկական անսամբլի գեղարվեստական ղեկավարը: 2014թ-ից հանդիասանում է Հայաստանի հանրային ռադիոյի «15 րոպեն քիչ է» հեղինակային ծրագրի գլխավոր խմբագիրը: Հեղինակել է սիմֆոնիկ, կամերային, թատերական ստեղծագործություններ և երգեր, մանկական երգերի ժողովածուներ, 60-ից ավելի էստրադային ժանրի երգեր, երաժշտություն 38 թատերական ներկայացումների համար: Հեղինակել է բեմականացումների երաժշտությունները: 2017թ. հիմնել է «HI MUSIC Band» ակապելլա վոկալ-սեքստետը: 2014թ-ից Հայաստանի թատերական գործիչների, 2015թ-ից Հայաստանի կոմպոզիտորների միությունների անդամ է: Արժանացել է մի շարք պատվոգրերի, 2003թ., 2008թ., 2014թ. և 2017թ.՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի, որպես տարվա լավագույն թատերական երաժշտության հեղինակ, 2017թ.՝ Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործչի կոչման: